01 11 2023

Հայաստանի դեմ Ադրրբեջանը «Պեգասուս»-ը կիրառում է իբրև կիբեր զենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ. Մարտիրոսյան



«Apple ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունը և դրանց հիման վրա ուղարկում է ծանուցումներ այն մասին, որ կոնկրետ այս կամ այն մարդու հեռախոսը ենթարկվել է հարձակման՝ պետությանը սպասարկող հաքերային թիմի կողմից: Նրանք չեն նշում, թե դա ինչ երկրի հաքերային թիմ է, կոնկրետ ինչպես է եղել հարձակումը և այլն: Իրականում այդ ծանուցումը կարող է նշանակել տարբեր բաներ, բայց Հայաստանում մեր ուսումնասիրած դեպքերի գերակշռող մասը հաստատ Պեգասուս լրտեսական ծրագրի՝ հեռախոսի մեջ ներդրման փորձն է կամ հաջողված փորձը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց  տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ «Պեգասուսը» իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված լրտեսական ծրագիր է, որն իրենք վաճառում են մի շարք երկրների պետական կառույցների:

«Դա վաճառվում է հանցագործներին գաղտնալսելու համար, մինչդեռ իրականության մեջ տարբեր բռնապետական ռեժիմներ «Պեգասուսն» օգտագործում են քաղհասարակության և ընդդիմադիրների դեմ: Ամենավառ օգտագործողներից մեկն Ադրբեջանն է: Միայն իր երկրի ներսում մոտ 1000 թիրախի դեմ է օգտագործել, որոնք ոչ թե հանցագործներ են, այլ ընդդիմադիր լրագրողներ և քաղաքական գործիչներ: Ինչ վերաբերվում է Հայաստանի դեպքին, այն ամենաարտառոցն է այն առումով, իսկ սա միայն մեր կարծիքը չէ, այլ միջազգային մեծ հետազոտական թիմի, որ Հայաստանի դեմ Ադրրբեջանը «Պեգասուսը» կիրառում է իբրև կիբեր զենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ, որովհետև դա համարվում է ռազմական արտահանում և առանց թույլտվության Պեգասուսը չի վաճառվում երկրներին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ