«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային ընդվզումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա նաև նշել է. «Մեկը՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում (սեպտեմբերի 19-ի դեպքեր), մյուսը՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում (սեպտեմբերի 20-ի դեպքեր)։ Այս երկու քրեական վարույթներով, իմ մոտ առկա տվյալների համաձայն, քրեական հետապնդում է հարուցվել 35 անձի նկատմամբ։ Կան նաև բազմաթիվ այլ անձինք, որոնց վերաբերյալ տվյալները ինքս չունեմ։
Այս պահին այդ անձանցից ազատազրկված են 20-ը։ Տնային կալանք է կիրառվել ընդամենը 3 անձի նկատմամբ։ 2 անձ ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել (կալանք չի կիրառվել)։
Նրանցից 5-ի վերաբերյալ վարույթներով պաշտպանությունն իրականացնում եմ անձամբ և վստահաբար պնդում եմ, որ նրանք քաղաքական հետապնդման զոհեր են։ Իմ պաշտպանյալներից 2-ն այս պահին ազատության մեջ են, իսկ 3-ը՝ բանտարկված։ Առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են մինչ այսօր։ Իմ պաշտպանյալներից վերջինը, Տիգրան Հովհաննիսյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է հոկտեմբերի 6-ին, երբ իմանալով, որ իր նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին։
Մեղադրյալներից 10-ի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չունեմ։
Առանձնահատուկ ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցությունների պատգամավորներին, որոնք ամենօրյա ռեժիմով կապի մեջ են ինձ հետ, պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ։
Այս ընթացքում ակտիվ աշխատել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդություն (վերահսկողություն) իրականացնող խմբի ներկայացուցչի հետ և ստացել անհրաժեշտ արագ արձագանքներ և միջամտություններ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը