16 10 2023

Միակ մխիթարությունս այն է, որ վանքը թշնամուն չեմ հանձնել.Դադիվանքի հոգևոր սպասավոր. «Փաստինֆո»

Միակ մխիթարությունս այն է, որ վանքը թշնամուն չեմ հանձնել.Դադիվանքի հոգևոր սպասավոր. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է.

Դադիվանքն ամբողջությամբ շրջափակված էր թշնամիներով, մենք վանական համալիրը շրջապատող պարսպից ներս էինք միայն ապրում։ Ռուսական խաղաղապահ զորամիավորման ջանքերով էր, որ Դադիվանքը մնաց ու հայկական պահպանվեց, և իմ միակ մխիթարությունը, որով հիմա շարունակում եմ ապրելու ուժ գտնել, այն է, որ ես վանքը թուրքին չեմ հանձնել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Դադիվանք վանական համալիրի վերջին հոգևոր սպասավոր՝ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը։

Նրա փոխանցմամբ` ամենավերջիներից մեկն էր, որ դուրս է եկել Արցախից՝ իր հետևում թողնելով Դադիվանքի վանական համալիրը և այն, ինչ զգացել ու ապրել է այդ ժամերին, բառերի վերածել չի կարող. «Խաղաղապահների ուղեկցությամբ դուրս եկանք վանքից։ Արցախն, արդեն, ամբողջապես հայաթափվել էր, Ստեփանակերտում, կարծես, այլևս մարդիկ չէին մնացել։ Մնալն, արդեն, անհնարին էր, որովհետև անվտանգային լուրջ խնդիրներ էր առաջացնելու։ Վանական համալիրի տարածքում, մեզանից հետո էլ, ռուսական խաղաղապահ զորամիավորման ծառայողերը մնացին»։

Երբ նայում ենք 2020 թ, նոյեմբերից հետո տեղի ունեցող զարգացումներին, տեսնում ենք, որ Դադիվանքն այլ սկզբունքով պահպանվեց, ասում է վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականն ու հավելում.«Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով, ռուսական ուղղափառ եկեղեցու պատրիարքի և նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ, մեզ հաջողվեց Դադիվանքը հայկական գործող եկեղեցի պահել, որովհետև այդ տարածքի բոլոր սրբատեղիներն անցան թշնամու վերահսկողության տակ»։

Դադիվանքի վանական համալիրի պատերի ներսում ոչ մի օր չեն լռել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգով նախատեսված ծեսերն ու արարողությունները, եկեղեցին մշտարթուն և գործող է մնացել. «Թե՛ տոնական օրերի, թե՛ կիրակնօրյա բոլոր պատարագներն ամբողջությամբ և լիարժեք կերպով կատարվել են, ինչպես նաև բոլոր ժամերգություններն՝ օրական երեք անգամ։ Մեկ անգամ ասել եմ՝ արարողությունների և ծեսերի ընթացքում ինձ համար ամենամեծ ցավն այն էր, որ, երբ թեքվում էի Խաղաղություն ավետիսը տալու՝ եկեղեցին դատարկ էր…Այս ամենի մեջ ինձ միակ ուժ տվողն իմ հայրենի հողն էր, զգացողությունը, որ ես կանգնած եմ իմ պատմական սուրբ հողի վրա։ Հայրենի հողի և սրբության նկատմամբ ունեցած գիտակցությունն անհաղթահարելի ուժ է։ Այդ գիտակցմամբ որևէ դժվարություն մեզ ընկճել կամ ճնշել անզոր է»։

Ամփոփելով զրույցն ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ է Հայր Սուրբը վերցրել իր հետ՝ վանական համալիրը թողնելու և Արցախից դուրս գալու վերջին օրը, տեր Դերենիկը մի պահ լռում, այնուհետև պատասխանում է՝ կան բաներ, որոնց մասին բարձրաձայնել չի կարող, սակայն հարցին՝ ի՞նչն ինքն իր հետ վերցրեց՝ Դադիվանքից դուրս գալուց, ասում է՝ վերցրի ամեն ինչ ու ոչինչ չվերցրի…

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ