12 10 2023

Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ում

Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները։

 Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտեց՝ 9 ամիս առաջ, կանգնած այստեղ, նախազգուշացրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիր է իրագործում։

 «Տիկին նախագահ, մեծ ցավով եմ այսօր ես ասում, որ դա հիմա արդեն իրականություն է։ 9-ամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները և, ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա, ցինիկաբար այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ՝ մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող հայերին դուրս թողնի այնտեղից», - հայտարարեց Կիրակոսյանը։

 Ընդգծելով, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայերե են եղել՝ Կիրակոսյանը շեշտեց՝ այսօր Լեռնային Ղարաբաղում գրեթե հայեր չկան։

 «Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը», -ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։

 «2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերի էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական հայցի քննարկմանը զուգահեռ։ Միջազգային հանրությունը չդադարեցրեց այդ գործընթացը: Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում քննարկման արդյունքներով։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության գաղթի անշրջելիությունը», - ասաց նա։

Կիրակոսյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում դեռ կան հայեր և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն: 

«Բազմաթիվ բանտարկյալներ առևանգվել և անօրինական կերպով պահվել են Ադրբեջանի բանտերում։ Բաքվի ցինիզմը սահմաններ չունի: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի պահանջները խախտում են օրենքները և մեղադրում է Երևանին, իբր, դեմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացով», - ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պահվածքը հակասում է միջազգային օրենքներին:  Նա բազմիցս ցույց է տվել միջազգային հանրությանը մոլորեցնելու իր պատրաստակամությունը։ Միայն դատարանի միջանկյալ միջոցները կարող են կասեցնել տարածաշրջանում էթնիկ զտումները և հայկական հետքը ջնջելու փորձերը, ինչպես եղավ Նախիջևանում, ինչպես նաև պաշտպանել Արցախի նախկին ղեկավարներին Բաքվի անօրինական գործողություններից։ Բայց եթե դատարանի որոշման մեջ անորոշություն լինի, Ադրբեջանն անխուսափելիորեն կօգտվի դրանից։ Մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում դատարան», - նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ