News.am-ը գրում է
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որի մասնակիցների ցանկը բավական ուշագրավ է։
Բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երթին մասնակցում է նրա տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր՝ Մարիամի հետ, որոշ ժամանակ անց երթին միացավ նաեւ Աշոտ Փաշինյանը: Երթին մասնակցում է ՔՊ ամբողջ վարչությունը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը նույնպես կնոջ եւ դստեր հետ է։
Ավելի ուշագրավ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությունը քարոզարշավին։ Նա երթին եկել է կնոջ եւ նորածին դստեր հետ, որին նախարարն անձամբ է տեղաշարժում մանկասայլակով։ Երկրի սահմաններին հակառակորդի զինված ուժերի կուտակումների, պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում Պապիկյանի մասնակցությունը ավագանու ընտրության քարոզարշավին, մեղմ ասած, տարակուսելի է։
Նույն պատճառներով անհասկանալի է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը երթին։
Նշենք, որ երթն ուղեկցում են մի քանի շարքով շղթա կազմած մեծաթիվ ոստիկաններ, իսկ Փաշինյանը քայլում է անվտանգության մեծ թվով աշխատակիցների կուռ օղակի մեջ։ Անվտանգության աշխատակիցները վարչապետից մեծ հեռավորության վրա են պահում լրագրողներին եւ օպերատորներին։ Նրանց այդ հարցում օգնում են երթի առջեւից շարժվող ավտոմեքենաները։
Ի դեպ, դեռեւս երթի մեկնարկից մի քանի ժամ առաջ Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկող դեպի Երեւանի քաղաքապետարան երթուղու ամբողջ երկայնքով ոստիկանական մեծաթիվ ուժեր էին տեղակայվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը