05 09 2023

Բրյուսովի նորանշանակ ռեկտորը մի շարք դասախոսների դասաժամեր չի տրամադրել․ News.am

Բրյուսովի նորանշանակ ռեկտորը մի շարք դասախոսների դասաժամեր չի տրամադրել․ News.am

NEWS.am-ը գրում է․ Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը մի շարք դասախոսների դասաժամեր չտրամադրելու մասին որոշում է կայացրել: NEWS.am-ի հետ զրույցում համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը հայտնեց, որ իրեն նույնպես դասաժամետ չի տրամադրվել՝ անհիմն պատճաբանությամբ:

«Հայաստանի բուհերի պատմության մեջ առաջին դեպքն է, որ պրոռեկտորին ժամ չեն տալիս: Ես արձակուրդում եմ եղել, ինձ այդ որոշման մասին տեղեկացրել է ամբիոնի վարիչը: Երեկ վերադարձել ու փորձել եմ հասկանալ, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, որեւէ տրամաբանական հիմնավորում չեմ ստացել: Միայն ասվում է այն, որ ես պրոռեկտոր եմ, ես ժամանակ չունեմ աշխատելու լսարանում: Բոլոր վարչական աշխատողներն անխտիր ունեն ժամ: Սա հստակ խտրականություն է իմ նկատմամբ: Պարզ է, որ սա անձնական վրեժխնդրություն է այն բանի համար, որ ես աջակցել եմ նախկին ռեկտորին»,- ասաց Ցոլակ Ակոպյանը:

Ակոպյանի խոսքով՝ որոշումը պայմանավորված է նաեւ իր քաղաքական հայացքներով եւ վստահեցրեց, որ որոշման առնչությամբ դիմելու է Տեսչական մարմին.

«Ես ունեմ գիտական աստիճան՝ ի տարբերություն այլոց, այնպես որ ես ուսումնական գծով պրոռեկտորն եմ եւ պետք է մտնեմ լսարան: Սա նաեւ ուսանողներից ինձ կտրելու միջոց է, որովհետեւ իրենք շատ են վախենում ուսանողներից: Ակնհայտ է, որ սա անձնական, քաղաքական վրեժխնդրություն է»:

Մենք զրուցեցինք նաեւ Քաղպաշտպանություն եւ Ֆիզկուլտուրա առարկաները դասավանդող Սերգեյ Ասատուրովի հետ, որին նույնպես այս տարի դասաժամ չի տրամադրվել: Նա նույնպես ասաց, որ իրեն որեւէ հստակ հիմնավորում չի ներկայացվել:

«Ես իմ վերաբերմունքը չեմ թաքցնում այս ղեկավարության նկատմամբ, նրանք իմ մոտ մեծ հարգանք չեն վայելում, միայն թեկուզ այն պատճառով, որ օրինակ՝ ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելիս 3 ավտոբուս ոստիկաններով էին եկել: Անկեղծ ասած՝ վերաբերմունքս այդքան էլ դրական չէ իրենց նկատմամբ: Կարող եմ ասել, եթե լիներ քաղաքական հետապնդում, դա կլիներ հենց այսպիսին: Ունենք սիստեմա, որը պայքարում իր վերարտադրման համար, այս պահին սիստեման պայքարում է մեր կառավարության վերարտադրման եւ ապահովության համար: Ենթադրում եմ, որ գուցե սիտեմայի համար վտանգավոր են դասախոսները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ»,- նշեց Սերգեյ Ասատուրովը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Ռեկտորի պարտականությունները կատարում էին  պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։

Դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։

Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից հետո այդպես էլ չհաստատվեցին եւ որոշ ժամանակ անց՝ մարտի 15-ին Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ