zham.am-ը գրում է.
Սովորաբար, երբ քաղաքի իշխանությունը որոշում է կայացնում հին այգու կամ պուրակի փոխարեն նորը կառուցել, պատրաստում է նոր այգու նախագիծը, այն դրվում է հանրային քննարկման, ըստ այդմ կատարվում են շտկումներ ու փոփոխություններ, և միայն բոլորի կողմից հավանության արժանանալուց հետո սկսվում է հնի քանդումը, որպեսզի տեղը նորը կառուցվի:
Սա, իհարկե, նորմալ տրամաբանությամբ առաջնորդվող հանրությունների համար, սակայն հայաստանյան իրականությունը վաղուց է դադարել այդ տրամաբանությանը համապատասխանել:
Դրա վառ օրինակը Արաբկիր շրջանի Մերգելյանի դիմացի պուրակն է, որի կառուցման ոդիսականը նորանոր դրվագներ է գրանցում:
Ինչպես այլ հարցերում, այս խնդրում ևս ներկայիս քաղաքային իշխանությունները մեզ չհիասթափեցրեցին՝ իրենց համար սովորական դարձած հապճեպ, անպատասխանատու և սեփական քմահաճույքները բավարարող քայլերի դիմելով:
Հին այգին արդեն տևական ժամանակ ամբողջովին քանդված վիճակում է, իսկ նորի նախագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, և դրանց վերջը տեսանելի չէ:
Սկզբից առաջարկվել էր նոր պուրակի երկու նախագիծ: Մեկը ներկայացնում էր պարսպով պարփակված տարածք՝ հիմնականում հեծանվորդների կարիքները բավարարող: Համաձայն երկրորդ տարբերակի, այս տարածքը պիտի ծածկեին տարբեր սրճարաններով՝ քաղաքի յուրաքանչյուր համեղ պատառ հանրային թմբիրը սպասարկող ժամանցի վայրի վերածելու՝ գործող իշխանությունների տրամաբանությանը համահունչ:
Սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ այդ երկու նախագծերն էլ արաբկիրցիների զայրույթն են առաջացրել, ինչը կարող էր Ավինյանին զրկել բաղձալի քվեներից առաջիկա ընտրությունների ժամանակ, նա հապճեպ վերադիրքավորվեց: Բնակիչներից մեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այդ նոր պուրակի նախագիծը պիտի հաշվի առնի մերգելյանցիների տեսակետները, և դրա համար քաղաքապետարանը ստեղծել է, այսպես կոչված, «ակտիվ քաղաքացի» հարթակ, որտեղ բնակիչները իրենց կարծիքը կարող են հայտնել ապագա պուրակի նախագծի վերաբերյալ: Զարմանալիորեն մեկ օր անց պարզվում է, որ քաղաքացիները ոչ միայն արդեն ունեն միահամուռ կարծիք, թե ինչպիսին պիտի լինի ապագա պուրակը, այլև այդ մեկ օրվա ընթացքում հասցրել են իրար հետ քննարկել և նույնիսկ երրորդ նախագծով հանդես գալ, չնայած նրան, որ նշված օրերին հարթակը բաց չէր քվեարկության ու կարծիքների հավաքագրման համար:
Հասկանալի է, որ այդ «ակտիվ քաղաքացի» հարթակն ընդամենը շղարշ էր, որի ներքո Ավինյանն առաջ մղեց սեփական նախագիծն՝ այն հմտորեն ներկայացնելով որպես արաբկիրցիների «կարծիք»:
Նման ձևով գործում էին ԽՍՀՄ-ի ժամանակներում, երբ «ժողովրդի» անունից ի˜նչ որոշում ասես կայացնում էին ու անցկացնում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ կեղծ ավանդույթն ավարտվեց, և իշխանություններն ավելորդ ցուցամոլությամբ չէին զբաղվում: Ճիշտ է, բոլոր որոշումները կայացվում էին չինովնիկների կաբինետներում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում այն ներկայացնել որպես «ժողովրդի կարծիք»:
Այս իշխանությունը, վերակենդանացնելով խորհրդային ավանդույթները, գեղեցիկ կերպով դրանք փաթեթավորում է «դեմոկրատական» շղարշով ու հրամցնում ժողովրդին՝ որպես սեփական կարծիք:
«Նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցումն, իրականում, գերակայում է այս ապաշնորհ իշխանության շրջանում: Հապճեպ, չմտածված ու մինչև վերջ չհաշվարկված որոշումների թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական պտուղները մենք բոլորս ենք քաղելու:
Այս տեսանկյունից խնդրահարույց է նաև Մերգելյանի ապագա պուրակի երրորդ նախագիծը: Փորձելով շտապ ներկայացնել փոխզիջումային տարբերակ, առաջին հայացքից լավ մտադրությունները կարող են վերջնաարդյունքում մտահոգիչ խնդիրներ հարուցել:
Նախ, երրորդ տարբերակը հասանելի չէ «ակտիվ քաղաքացի» հարթակում, հնարավոր չէ մանրակրկիտ դիտարկել և դրա շուրջ քաղաքացիների կարծիքներին ծանոթանալ: Դատելով լրատվամիջոցներով պտտած կարճ նյութից, ներկայացված՝ երեխաների համար խաղահրապարակն անվտանգ չէ, քանի որ պուրակի երկու կողմից ճանապարհներ են անցնում, իսկ խաղահրապարակը դրանցից որևէ կերպ պատնեշված չէ: Նախատեսված է միայն մեկ խաղահրապարակ՝ բոլոր տարիքի երեխաների համար, ինչն անընդունելի է: Մանկահասակների համար առանձին գոտի պիտի նախատեսվի: Հատուկ ուշադրության պետք է արժանանա հեծանվուղին. որպեսզի երեխաների ու մեծահասակների համար վտանգ չներկայացնի, այն պետք է դուրս բերել ճեմուղու հատվածից: Հուսանք, որ նախատեսված մանկական զարգացման կենտրոնն, ի վերջո, չի վերածվի սրճարանի կամ առևտրային կետի: Անհասկանալի է, թե որտեղ է տեղակայված մարզահրապարակը, ինչ տեսք ունի, և ինչ սպորտաձևերի համար է կահավորված լինելու: Տեսանելի չէ շատրվանային համալիրը:
Հարցերը շատ են, վստահ եմ մասնագետներն մի ամբողջ տրցակ կներկայացնեն: Սակայն, քվե կորզելու գործում էական չէ քաղաքացու հանդեպ հարգանքն ու պատշաճ կերպով աշխատանքի իրականացումը, կարելի է աղմկոտ ներկայացմամբ տպավորություն ստեղծել իսկ հետո… Հետոն կարևոր չէ այս իշխանության համար, կասեն «համաձայնել եք», «մանդատ եք տվել», մենք էլ անում ենք այն, ինչ հարմար ենք գտնում:
Արմեն Միքաելյան
Հ.Գ. «Մայր Հայաստան» դաշինքը հանդես է գալիս քաղաքի կառուցապատմանը վերաբերող ցանկացած հարցում հիմնովին ու մանրարկիտ ուսումնասիրության, երևանցու հավանությանն արժանացած ու համաձայնեցված նախագծերի հիման վրա գործունեության ծավալման օգտին: Հինը քանդելուց, վերացնելուց առաջ պետք է հստակ լինի, թե նորը ինչ տեսք ու բովանդակություն պիտի ունենա:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ին խոստանում էր տարբեր հարցեր լուծել տեղական հանրաքվեների միջոցով: Դեռ անհամբեր սպասում ենք գոնե մեկ հարցում նման հանրաքվեի ականատեսը լինելուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը