28 07 2023

ՊՆ պաշտոնատար անձը կաշառք է պահանջել

ՊՆ պաշտոնատար անձը կաշառք է պահանջել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերևույթ հանցանքի մասին վկայող փաստեր: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել և 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք:      

Կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն 27.07.2023 թվականին ձերբակալվել են: Նույն օրը Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 8 միլիոն ՀՀ դրամ գրավը:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ