Այսօր՝ հուլիսի 22-ին, արցախցի մի խումբ լրագրողներ խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակից լրագրողները Արցախի Հանրապետության լրագրողների համայնքի կողմից մարդկային և մասնագիտական կոչ են ուղղել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին.
«Հաշվի առնելով, որ դուք՝ ավելի քան 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ռեժիմի հրավերով,
Հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ռեկորդներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,
Հաշվի առնելով մանիպուլյացիաների, կեղծիքների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,
Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը,
Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական քաղաքականության լույսի ներքո՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակներով,
Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս շրջափակում և 5 շաբաթ լիակատար շրջափակում է Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությունը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,
Անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության կրկնակի մակարդակով, հղիների շրջանում անեմիայի 90%-ով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության դադարեցմամբ, գործազրկության և աղքատության կտրուկ աճով,
Հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու մասին,
Հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.
Դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,
Դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից աղաղակող խախտումներին աջակցելը,
Գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր համայնքներ՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,
Հավատարիմ մնալու ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,
Զերծ մնալ բռնապետական ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։ Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:
Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:
Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր:
Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,- նշված է արցախցի լրագրողների կոչ-ուղերձում:
Լրագրողների ակցիային ներկա են նաև Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և ներկայիս ՄԻՊ ԳԵղամ Ստեփանյանը։
Գ.Ստեփանյանն ասել է, որ արցախցի լրագրողների հրավերով եկել է մասնակցելու և աջակցելու, որպեսզի նրանց ձայնը տարածվի աշխարհում:
«Արցախի լրագրողների խաղաղ ակցիան շատ հստակ ազդակ պետք է լինի աշխարհի լրագրողներին, միջազգային մեդիային, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Գլոբալ մեդիա ֆորում կազմակերպելը միջազգային հանրության աչքերին հերթական թոզ փչելն է, իսկ մարդիկ ովքեր եկել են հումանիտար աղետից ընդամենը կիլոմետր այն կողմ ու խրախճանքների մեջ են և որոնց ադրբեջանցիները կերակրում են բառի բուն ու փոխաբերական իմաստներով, բարի լինեն, իջնեն Ստեփանակերտ, Արցախի այլ համայնքներ՝ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը, թե ինչպիսի զրկանքների ու տառապանքների միջով է անցնում Արցախի հազար բնակչությունը։
Արցախի լրագրողները 7 ամիս շարունակ իրենք էլ կրելով շրջափակման ամենամեծ դժվարությունները, շարունակել են իրենց աշխատանքը գոնե ինչ-որ ձևով Արցախի Արցախի ձայնը դրսում ներկայացնելու ուղղությամբ և նրանք կարող են ու իրավունք ունեն պահանջելու իրենց գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել և գալ Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը ներկայացնել»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը