Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչները ահազանգում են խմելու ջրի համի և հոտի փոփոխության մասին: Yerevan.Today-ի խմբագրություն դիմած քաղաքացիները նշում են, որ վերջին օրերին ծորակից եկող ջուրը խմել գրեթե անհնար է, նկատվում է վառ արտահայտված համ, խմելու ջուրը խանութից են գնում:
Քաղաքացիներից մեկն անգամ նշեց, որ իր մոտ եղել է առողջական վիճակի վատթարացում, ջերմության բարձրացում, դիմել է հիվանդանոց: Քաղաքացին գանգատները կապում է հենց ջրի հետ, սակայն հետազոտությւնների պատասխանները դեռևս չի ստացել:
Նրա խոսքով՝ Էրեբունի վարչական շրջանում ինքը միակը չէ, ում մոտ նկատվել են նման երևույթներ: Իրավիճակի հետ կապված մանրամասներ ճշտելու համար դիմեցինք Առողջապահության նախարարություն, սակայն մեզ վստահեցրին, որ աղիքային վարակի տարածման մասին խոսք գնալ չի կարող:
«Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնը գրեթե ամեն օր բոլոր վարչական շրջաններում անում է ջրի նմուշառումներ լաբորատոր հետազոտության համար: Վերջին հետազոտության՝ հուլիսի 13-ի տվյալներով ամեն բան նորմայի սահմաններում է:
Իսկ ինչ վերաբերում է աղիքային վարակներին, հետ կապված խնդիր չկա, սեզոնայնության հետ կապված դեպքեր են, նորմայի սահմաններում է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Էրեբունի ԲԿ-ից ևս մեզ հետ զրույցում ևս նշեցին, որ դիմելիության առումով առանձնապես բարձրացում չկա: Իրավիճակին, սակայն, լավատեղյակ էին «Վեոլիա Ջրում», թեև դա առանձնապես խնդիր չհամարեցին:
«Որևէ խնդիր չկա, պարզապես ամեն տարի այս ժամանակահատվածում տեղի է ունենում Արարատյան պոմպակայանի գործարկումը և քանի որ ամբողջ տարին մարդիկ ստանում են Գառնու ջուրը, դրա համար էլ նկատվում է համի փոփոխություն: Ջրի որակը պարբերաբար ստուգվում է, ամբողջ հանրապետությունում: Ջուրն ամբողջությամբ անվնաս է, համապատասխանում է խմելու բոլոր ստանդարտներին: Ամեն դեպքում եթե կան առանձին բողոքներ, ակորղ են զանգահարել թեժ գիծ և մեր մասնագետները նմուշառում կկատարեն հենց տվյալ հասցեից»,- ասացին «Վեոլիա Ջրից»:
Հարցին, թե դեռ ինչքան պետք է շարունակվի ջրամատակարարումը Արարատյան պոմպակայանից, դժվարացան պատասխանել:
«Դա կախված է ջրաքանակից, կարող է ամբողջ ամառ տևել, կարող է զուգահեռ նաև Գառնու ջուրը տան»,- նշեցին ընկերությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը