Հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դի։ ՀՀ արտգործնախարարությունից «Փաստինֆո»-ին հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ նրանք ենթադրաբար սովամահ են եղել հունիսի առաջին օրերին։ Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ սուդանցի բնակիչները որոշ ժամանակ օգնել են հայազգի քույրերին սնունդ հայթայթելու հարցում։ Հետագայում, սակայն, խնդիրներ են առաջացել և քույրերն օրեր շարունակ մնացել են առանց սննդի։
«Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ քաղաքից։
Արդյունքում կրտսերը մնացել է ավագ քրոջը խնամելու: Քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է»,- պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչներին։
Ինչպես հայտնի է՝ Սուդանում քաղաքացիական պատերազմ է. երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև զինված հակամարտությունը վերսկսվել է, և իրավիճակը գնալով վատթարանում է։ Երկրի որոշ շրջաններում կատաղի մարտեր են ընթանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը