16 06 2023

Բա հրապարակեք տեղեկանանք, թե շուկայականից որքա՞ն բարձր արժեքով է ձեռք բերում կատարվել. Վարդան Արամյանը՝ ՔԿ-ին

Բա հրապարակեք տեղեկանանք, թե շուկայականից որքա՞ն բարձր արժեքով է ձեռք բերում կատարվել. Վարդան Արամյանը՝ ՔԿ-ին

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ ՔԿ տարածած հաղորդագրությանը, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամենևին չեմ ցանկանում իրավական հարցերի մեջ մխրճվել, որովհետև դրանք ինձանից լավ վերլուծող իրավաբան մասնագետներ կան, բայց որպես ՀՀ քաղաքացի և Ֆինանսներից քիչ թե շատ գլուխ հանող մարդ, հարցեր են ինձ մոտ առաջ գալիս ՀՀ քննչական մարմինների տարածած հաղոդրագրությունը կարդալիս։

Օրինակ ՀՀ քննչական մարմինն իր հաղորդագրության մեջ մի քանի անգամ շեշտում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ գնում է կատարվել․

Հարգելի ՀՀ Քննչական մարմին, ձեր հաղորդագրությունից հասկացվում է, որ գնում կատարող սուբյեկտը «Հերացի» արհեստակցական կազմակերպությունն է, որի հիմնադիրը պետությունը կամ համայնքը չէ այլ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատողներն են, ուստի այս կազմակերպության վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ «Գնումների մասին» 2010-2017թթ  գործող օրենքը։  Ավելին ասեմ, այդ օրենքի պահանջները չեն տարածվել նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վրա ևս, որն ունեցել է հիմնադրամի կարգավիճակ՝ համաձայն ՀՀ կառավարության 27.11.2014թ. N 1407-Ն որոշման։

Ըստ 2010-2017թթ «Գնումների մասին» ՀՀ օրենքի,

ԳՆՈՒՄԸ -  դա պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ են հանդիսանում․

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ,

դ. պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,

ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներ (միություններ),

զ. պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,

է. հանրային կազմակերպություններ.

Ինչպես տեսնում եք, ոչ արհեստակցական միությունը և ոչ էլ հիմնադրամը այս վերը նշված կետերից որևէ մեկի պահանջների տակ չեն ընկնում։

Կամ օրինակ հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարվել է մեջբերեմ «․․․․վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն» (մեղադրական հոդվածներից մեկն էլ հափշտակություն է դրված)։

Նույնիսկ ես ոչ իրավաբան լինելով գիտեմ, որ ըստ քր․օրենսգրքի սահմանումների հափշտակությունը դա ուրիշի գույքն ապօրինի, ԱՆՀԱՏՈՒՅՑ հանցավորինը կամ այլ անձինը դարձնելն է:

Այս դեպքում դա այդպես չէ․ ձեռքբերման միջոցով տեղի է ունեցել արհեստակցական միության ակտիվների (գույքերի) փոխանակում՝ ֆինանսական միջոցները փոխարինվել են անշարժ գույքով։ Այլ հարց է թե դրանք համարժեք են թե ոչ, բայց սրա մասին պատկան մարմինները լռում են կամ լավագույն դեպքում նշում են «շուկայականից բարձր արժեք» արտահայտությունը։ Բա հրապարակեք տեղեկանանք, թե շուկայականից որքա՞ն բարձր արժեքով է ձեռք բերում կատարվել։

Մի խոսքով...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ