14 06 2023

Ի՞նչ է նշանակում քաղաքականությանը խառնվել, սա մեր գոյության իրավունքն է․Բագրատ Սրբազան․ Alphanews.am



Օրվա իշխանության կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում՝  ուղղված Հայ Առաքելական Եկեղեցուն և հոգևոր դասին։ 2018 թվականից ակնհայտ արշավ է իրականացվում Մայր Եկեղեցու դեմ՝  տարբեր դրսևորումներով։  Արցախի ու Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգների մասին  Մայր Եկեղեցու սպասավորները, բարձրագույն հոգևոր դասը  հաճախ են բարձրաձայնում, հնչեցնում մտահոգություններ, որոնք  օրվա իշխանության կողմից վերագրվում են քաղաքականությամբ զբաղվել։

 Եկեղեցու և քաղաքականության թեմայով, Alpha News-ի տաղավարում, կարծիք է արտահայտել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։  

 «Փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայ Եկեղեցին անընդհատ բարձրաձայնել է  ներքին համախմբման ուժով լուծել խնդիրները, որովհետև պարտվելը մի բան է, պարտվողականության մեջ ապրելը՝ այլ բան և Եկեղեցին  շատ հստակ սահմանել է իր օրակարգը, որտեղ արձանագրել է այն բարձր նշաձողը,  որով Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն անսակարկելի է․ հիմա ոչ թե հայ Եկեղեցին է ընդդիմանում իշխանությանը, այլ՝  իշխանությունն ինքն իրեն ընդդիմանում, այսօրվա կառավարիչներն իրենց ծրագրում արձանագրել են թե՛ Հադրութի, թե՛ Շուշիի դեօկուպացիոն այդ դրույթը, և, հատկապես՝ «անջատում հանուն փրկության» տեսությունն են արձանագրել, այսինքն՝  դավանել են դա: Եվ եթե ինչ-ինչ անբացատրելի պատճառներով հրաժարվում են իրենց ծրագրից, նշանակում է իրենք իրենց են ընդդիմանում»,-  ասաց Բագրատ Սրբազանը:

Սրբազանի խոսքով՝  Հայ Եկեղեցին իր օրակարգը սահմանել է և այդ օրակարգից քայլ անգամ ետ չի կարող կանգնել, որովհետև, ինչպես ինքն է նշում, դա բարձրագույն արժեք է․ «Այսօր թեպետ խոսում ենք Արցախի մասին առանձակի շեշտադրումով, իմաստով, բայց Արցախն ընդհանրական հայկական հարցից տարբեր երևույթ չէ և Արցախի՝ այս վիճակում գտնվելու պատճառով մենք բազմաթիվ այլ խնդիրներ ենք դիմագրավում թե՛ ներքին, թե՛ արտաքին, հետևաբար Հայ Եկեղեցու համար միանշանակ  է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն անքննելի է»։

Զուգահեռ անցակացնելով Աստվածաշնչի և ,մեծ առումով, քաղաքակաության միջև Բագրատ Սրբազանն ասաց․

«Խորքային իմաստով , հոգևոր բովադկությամբ  Սուրբ Գիրքը՝  Աստվածաշունչ մատյանն  ամբողջությամբ քաղաքակնության մասին է և մեր Տիրոջ ամենակարևոր պատգամը, որ ամեն օր մեր աղոթքով դիմում ենք Աստծուն, «թող գա քո Արքայությունը» ամենամեծ քաղաքական հայտարարությունն է, այսինքն՝ իրավիճակի փոփոխության, արժեքների փոփոխության և նոր աշխարհի սահմանման, նոր գաղափարաբանության և նոր հիմնավոման, որ դավանում էր Հիսուս Քրիստոսն ու փոխանցում մարդկությանը․․․ Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում քաղաքականությանը խառնվել, մենք դրա մասին շատ ենք խոսել, սա մեր գոյության իրավունքն է, մեր պատմութունն է, մեր  լինելիությունն է, դասական իմաստով՝ քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի, քաղաքականություն կլիներ, երբ հոգևորականները կուսակցական պայքարի մեջ լինեին․ Արցախն այս պահին գտնվում է աղետի մեջ, այդ պատճառով նաև՝ ամբողջ հայ ժողովուրդը, այս աղետի լուծման մասին է խոսքը, քաղաքականություն խաղալու ո՛չ ցանկություն կա, ո՛չ տրամադրույթուն, առավել ևս, ո՛չ էլ՝ ուղղություն։ Ես հազարավոր ընկերներ եմ հուղարկավորել, որոնք իրենց կյանքը տվել են ինձ համար, նրանք արդյո՞ք քաղաքական զոհեր են, եթե պատերազմը համարենք բիրտ քաղաքականության տեսակ, այդ իմաստով՝ միգուցե։

Հաջորդը՝ երբ մեզ մղում են ընտրությունների, մեր ընտրական իրավունքը քաղաքականության հետ կապ ունի՞, ինչո՞ւ այդ ժամին չեն ասում քաղաքականութուն, դա ավելի մեծ  քաղաքականության խառնվել է  հոգևորականի համար, քան՝  ասելը, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն անսակարկելի է, քան՝ խոսելը ազգային գաղափարներից, ծրագրերից,  մտահոգություններից, սահմանային դրությունից, այս ամբողջ ողբերգությունից»։

Թեմայի մանրամասները՝ տաղավարային հարցազրույցում ։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ