13 06 2023

Բազմաթիվ ահազանգեր եմ ստանում վաստակաշատ ուսուցիչների կողմից․ Թադևոս Ավետիսյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ ԱԺ-ում

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ուսուցիչներ

Բազմաթիվ ահազանգեր եմ ստանում հանրակրթական տարբեր հաստատություններում աշխատող վաստակաշատ ուսուցիչների կողմից։ Խոսքը վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և դրանով պայմանավորված՝ աշխատավարձերի իբրև թե շեշտակի բարձրացմանը։

Անցնող ժամանակը ապացուցեց, որ ուսուցիչների կամավոր ատեստաստավորման ներդրված համակարգը հիմնականում աղերս չունի ուսուցիչների աշխատավարձերի էական բարձրացման հետ։

Նախ՝ ուսուցիչների աշխատավարձերի հիմնական չափերի բարձրացումը ակնհայտ անհրաժեշտություն է, իսկ կամավոր ատեստավորման համակարգը գործնականում այս նպատակի իրականցաման գործիք չի կարող հանդիսանալ։    

Նախորդ երեք տարիներին ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 30 տոկոսով։ Այս ընթացքում ուսուցիչների միջին աշխատավարձի աճը բացարձակ անհամարժեք է եղել գնաճին։

Այսինքն՝ առավել սրվել է ուսուցիչների աշխատող աղքատ լինելու հանգամանքը։

Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի նախորդ հինգ տարիներին, հնգամյա կտրվածքով ուսուցիչների հիմնական աշխատավարձերի չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։

Հաջորդիվ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման և աշխատավարձերի բարձրացման մասին։

Եթե իրական նպատակը աշխատավարձի բարձրացումն է, ապա դա թող անեին դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերի բարձրացման օրինակով, որի դեպքում առանց սահմանափակման աշխատավարձերը կրկնապատկվեցին՝ լրավճարի միջոցով։

Մատների վրա հաշված դեպքերը, երբ ուսուցչի աշխատավարձը ատեստավորումների արդյունքում դարձել է միջինից մի քանի անգամ ավել, փորձում են ներկայացնել՝ որպես օրինաչափություն և մանիպուլիատիվ կերպով թմբկահարում են։

Մյուսը՝ այս համակարգն ունի ենթակայական բարձր աստիճան և էապես բարձր ռիսկեր։ Եվ դա է հիմնական պատճառը, որ ուսուցիչների ծանրակշիռ մեծամասնությունը չի անցնում կամավոր ատեստավորում։

Եթե ատեստավորումը ուսուցիչների մասնագիտական որակները ստուգելու և բարձրացնելու նպատակով է, ապա դա պետք է լինի պարտադիր և պարբերական։ Հակառակ դեպքում, եթե մեկնենք այս նպատակից, ապա ստացվում է ակնհայտ խտրականություն․ այն աշակերտները, որոնց դասավանդում են ատեստավորված ուսուցիչներ կստանան առավել որակյալ կրթություն՝ մյուս աշակերտների համեմատ։

Ամփոփելով․ աշխատավարձերի պետական քաղաքականությունը ևս ողջ ծավալով ծառայում է սեփական իշխանության հենասյուներն ամեն գնով ամրապնդելու և վարձահատույց լինելու՝ նեղ խմբային շահին, իսկ մնացածը՝ չկատարվող ծրագրային խոստումները քողարկելու պարզ մանիպուլիացիաներ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ