16 05 2023

Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի



Հարկադիր կատարումն ապահովող ծառաայությունում ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը․ նրա խոսքով՝  հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը:

«Ենթադրենք քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: Դրա համար առանձին-առանձին գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա: Այժմ աշխատակիցը մեկ գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, արդյունքում խնայվում է թե քաղաքացու, թե աշխատակցի ժամանակը»,-ասաց Խաչատուր Իգիթյանը:

Գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը ներկայացրեց ներդրված էլեկտրոնային գործիքակազմը: Նրա խոսքով՝ ծառայության պաշտոնական կայք էջում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որտեղ գրանցվելով, քաղաքացին հնարավորություն է ունենալու ծանոթանալու իր նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետևել կատարողական գործողությունների ընթացքին, վճարումների դեպքում հետևել դրանց շարժընթացքին: Բանախոսն անդրադարձավ նաև ամենահաճախ հանդիպող խնդրին՝  Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձմանը, երբ քաղաքացին վճարում է, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշվից կրկին գանձվում է այդ գումարը:

 «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կենտրոնական բանկի և մյուս գործընկերների հետ համապատասխան ծրագրային բարելավումներ է կատարել, որը նպատակ ունի հետագայում բացառել կրկնակի գանձնման գործընթացները: Օրինակ, քաղաքացին խախտումը կատարել է, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ուշ է վճարում, դա այն փուլն է, երբ արդեն վարույթ է հարուցվում ծառայությունում: Նման դեպքում բռնագանձումը կատարվում է ավտոմատ կերպով, և հարկադիր կատարողը չի կարողանում տեսնել այդ պահին քաղաքացին վճարում կատարել է, թե ոչ: Նոր ծրագրով այդ բացերը կլրացվեն ու հետագայում կբացառվեն կրկնակի գանձումները կամ վճարումները»,-ասաց Վարդուհի Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ