ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Տնտեսական աճի «փուչիկը» պայթում է
Ստորև առանձնացրել եմ տնտեսական ոլորտի երկու կարևոր խնդիրներ։
Նախ՝ լրացուցիչ պահանջարկի հաշվին 2022 թվականին արձանագրված տնտեսական բարձր աճն այդպես էլ չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժը, հատկապես արտահանմանը միտված իրական հատվածում։
Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել է շուրջ 15 տոկոսով։ Տնտեսական ակտիվության միջին աճը կազմել է 12,2 տոկոս, արդյունաբերության ոլորտում՝ 3,6 տոկոս։ Արդյունաբերության ոլորտի տնտեսական ակտիվությունը շուրջ 3,5 անգամ զիջել է տնտեսական ակտիվության միջին ցուցանիշին։
Տնտեսական ակտիվության աճը շարունակում են հիմնականում ապահովել ներքին առևտուրը (21 տոկոս), արտաքին առևտուրը (200 տոկոս), ծառայությունները (23 տոկոս), բանկային, շինարարական և շահումով խաղերի ոլորտները։
Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 70 տոկոսով թերակատարվել են պետական բյուջեի կապիտալ ծախսերը։
Հաջորդը՝ գյուղատնտեսության ոլորտում խորանում են պետական քաղաքականության ձախողման հետևանքները։ Գյուղատնտեսությունը նորից արձանագրում է զրոյական աճ և գտնվում է ազատ անկման մեջ։
Օրերս Մարտունի համայնք կատարած այցի շրջանակներում գյուղացիները բազում խնդիրների շարքում բարձրացնում էին գյուղմթերքի իրացման խնդիրը։
Մասնավորապես՝ Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիները իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել։ Տեղական կաղամբի 1 կիլոգրամի գինը նվազել և հասել է 17 դրամ, որը պատիկներով պակաս է կատարված ծախսերից։ Ցորենի 1 կիլոգրամը մթերում են 100 դրամով՝ կատարված ծախսերից 1,5 անգամ պակաս գնով։ Հարյուրավոր տոննաների գյուղմթերք մնացել է պահեստավորված և փչանում է։
Տեղեկություններ են ստացվում առ այն, որ սպասվելիք անհավասար արտաքին մրցակցությունից և տեսանելի կորուստներից խուսափելու նպատակով՝ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրենց կատարած ծախսերից պակաս գնով վաճառում են նոր կառուցված ջերմոցները, այդ թվում՝ պետական աջակցությամբ։
Սա այսպես կոչված տարածաշրջանային «ապաշրջափակման» դեռ առաջին դառը «պտուղներն» են։
Շատ եմ ասել․ իրականում պարտադրված այս «ապաշրջափակման» քողի տակ թաքնված են անկառավարելի ռիսկեր և տնտեսական անվտանգության իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։
Փաստորեն, առաջնային և կործանարար հարվածն արդեն իսկ զգում են գյուղատնտեսությունը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությունը, տեքստիլ և մշակող արդյունաբերությունը, որոնք ունեն նաև արտահանման իրական մեծ ներուժ։
Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի այս իշխանության նախորդ 5 տարիների, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։
Դե արի՛ գյուղացի, հավատա, աշխատի ու ապրի սեփական հողում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը