26 04 2023

2018թ-ից հետո, Հայոց պատմության դասագրքերի մրցույթ չի հայտարարվել եւ չունենք նոր դասագրքեր․ Վահրամ Թոքմաջյան

2018թ-ից հետո, Հայոց պատմության դասագրքերի մրցույթ չի հայտարարվել եւ չունենք նոր դասագրքեր․ Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում պատմության դասագրքերի թեման կրկին դարձել է «պատմություն» եւ այս առնչությամբ լրագրողներից ստանում եմ զանգեր, ապա հարկ եմ համարում կատարել մի քանի պարզաբանում։ Դրանք կարող են օգնել խնդիրը լուսաբանող լրագրողներին։
Քննարկման թեմա է դարձել հատկապես Հայոց պատմության նորագույն շրջանի արտացոլումը դպրոցական դասագրքերում։
Ա․ 2018թ–ից հետո, Հայոց պատմության դասագրքերի մրցույթ չի հայտարարվել եւ չունենք նոր դասագրքեր։
Բ․ Նորագույն շրջանն հիմնականում արտացոլված է 12–րդ դասարանի «Հայոց պատմություն» եւ 9-րդ դասարանի զուգահեռ գործող երկու «Հայոց պատմության» դասագրքերում։
Գ․ 12–րդ դասարանում գործում է «Հայոց պատմության» լրամշակված տարբերակը եւ իրադարձությունների շարադրանքը հասցված է մինչեւ 2016թ․ ապրիլյան պատերազմ։ Գիրքը լույս է տեսել 2016թ․–ին։
Դ․ 9–րդ դասարանի դասագրքերի մասով, 2019թ․ ԿԳ նախարարի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով, «Հայոց պատմության» ծրագիրը, դասագիրքը վերանայելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
Ե․ Հանձնաժողովը, որի կազմում եղել եմ նաեւ ես, «Զանգակ» հրատարակչության հեղինակային խմբին ներկայացրել է 220, իսկ «Մանմար» հրատարակչության հեղինակային խմբին՝ 307 առաջարկություններ եւ դիտարկումներ(բովանդակային, փաստական, մեթոդական, տեխնիկական, ծրագրային)։
Զ․ Հեղինակային խմբերի կողմից ընդունվել են առաջարկությունների 95 տոկոսը եւ նրանք սկսել են լրամշակել դասագրքերը։
Է․ Իրադարձությունների շարադրանքը հասցնել մինչեւ 2018թ․ իրադարձություններ՝ «թավշյա հեղափոխություն», մեր հանձնաժողովը չի առաջարկել։ Այդ առաջարկը կատարել է նախկին ԿԱԻ–ն(Կրթության Ազգային ինստիտուտ) կողմից եւ կարող է լինել հեղինակների նախաձեռնությունը։
Ը․ Որքան ես եմ տեղյակ, 1991թ․–ից հետոյի իրադարձությունների տեքստերի վրա աշխատել են Էդիկ Մինասյանը եւ Էդիկ Գեւորգյանը, համապատասխանաբար «Մանմար» եւ «Զանգակ» հրատարակչությունների կողմից։ Փոփոխությունների վերանայման փուլում, աշխատանքները հարթ են ընթացել պարոն Գեւորգյանի հետ։ Այնուհետ, ԿԳ նախարարը ստացել է մի անհասկանալի փաստաթուղթ՝ ԿԱԻ–ի կողմից։ Հանձնաժողովն ամբողջ կազմով, նույն տարվա հուլիսին, ստորագրել եւ հրաժարվել է գնահատական տալ վերաշարադրված դասագրքերին։ Այսինքն մենք գործ ունենք ոչ թե նոր, այլ վերաշարադրված դասագրքերի հետ, որոնք հիմա գործում են դպրոցներում։
Ի՞նչ է փորձարկվել Տավուշի մարզում
Տավուշի մարզում փորձարկվել են նոր չափորոշիչներից բխող 2, 5, 7, 10–րդ դասարանների առարկայական ծրագրերը, գնահատումը եւ այլն։ Նոր դասագրքեր չկան եւ չէին կարող փորձարկվել։ Փորձարկման արդյունքում հաստատվել են լրամշակված ծրագրերը։
Ե՞րբ են ստեղծվելու նոր դասագրքերը
Նոր դասագրքերի մրցույթները՝ բխող 2, 5, 7, 10–րդ դասարանների չափորոշիչներից եւ առարկայական ծրագրերից այժմ ընթացքի մեջ են։ Վերջնաժամկետը մայիսն է։ Արդյունքները թերևս կամփոփվեն հունիս ամսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ