NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելու հետեւանքով Մեծ Շեն գյուղը մնացել է երկկողմանի շրջափակման մեջ: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
«Կապը կտրվել է եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի հետ: Երկկողմանի փակուղու մեջ ենք, եթե մի խնդիր առաջանա, ապա չգիտենք՝ ինչ ենք անելու: Ունենք բնակիչներ, որոնք մնացել են Գորիսում եւ չեն կարողանում վերադառնալ գյուղ: Մի հատ փոքր երեխա՝ 3 տարեկան, մայրը գյուղում է, երեխան՝ Գորիսում իր ավագ քրոջ եւ եղբոր հետ»,- պատմեց Դավիթ Դավթյանը:
Գյուղապետի խոսքով՝ կամրջի փակվելուց հետո գյուղում այժմ անորոշություն է. «Ամենացավալին այն է, որ գյուղում մի բուժքույր ունեինք, նա էլ է մնացել Գորիսում: Եթե հանկարծ բնակիչներից մեկը վատանա առաջին օգնություն էլ չենք կարող ցուցաբերել: Գյուղում հիվանդներ էլ կան, մեծահասակներ էլ կան, վախի զգացում ունեն, դրանից ավելի են վատանում»:
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը