20 04 2023

Կործանարար հարված է լինելու գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը․ Թադևոս Ավետիսյան



ԱԺ-ում ընթանում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը․ ծրագրի վերաբերյալ իր ելույթում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը նշեց․

«Սիրելի՛ հայրենակիցներ

2022 թվականի տնտեսական բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին պատահական գործոններով։

Նախ՝ 2022 թվականի 12,6 տոկոս տնտեսական աճի շուրջ 3/4-րդ մասն արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները։ Դրանք են՝ ծառայությունների, ներքին և արտաքին առևտրի, բնակարանաշինության և ֆինանսական ոլորտները։

Աննախադեպ աճում է նաև շահումով խաղերի ոլորտը, որը խորացող սոցիալական խնդիրների անուղղակի հետևանք է։

Հաջորդը՝ 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվանից 4 անգամ ավել։ Ընդհանուր դրամական փոխանցումների դրական մնացորդը, որը մնացել է տնտեսության մեջ, կազմել է շուրջ 2,6 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 80 տոկոսով, որը հիմնականում կրել է վերաարտահանման բնույթ։ Այսինքն՝ հիմնականում արտահանել ենք այլ երկրներից ներմուծվածը, ոչ թե՝ մեր արտադրանքը։

Երրորդը․ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված իրական հատվածում։

Մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, գյուղատնտեսությունը 2021 թվականի կրճատումից հետո արձանագրել է զրոյական աճ։

2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։

2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով՝ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։

2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2026 թվականին խոստացված՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի համախառն ներդրումներն ավելացնել տարեկան շուրջ 25 տոկոսով, ինչն անիրատեսական է։

2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։

Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով 2020 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2,5 անգամ գերազանցեց տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չվերականգնեց նախորդ տարվա տնտեսական անկումը։

Չորրորդը՝ առաջանցիկ աճում է պետական պարտքը։ 2018-2021 թվականներին խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի տարեկան միջին տեմպը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան միջին աճը՝ 10 տոկոսից ավել։

Անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել էր շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։

Ի դեպ, կառավարման ձախողումների հետևանքով արտաքին պարտքի մի մասը չի ծախսվում և չի ծառայեցվում հիմնական նպատակին, սակայն այդ միջոցների համար պետական բյուջեից վճարվում են տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող տոկոսներ։

Մեկ անձից պետական գնումներով ծախսերն էլ թռիչքաձև ավելացնում են իշխանական շրջանակների օլիգարխների գերշահույթները։

Հաջորդը՝ 2020 թվականի սկզբից մինչև 2022 թվականի ավարտը ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17500 դրամով կամ շուրջ 30 տոկոսով։ Այս ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի, անապահովության նպաստի չափերը չեն ավելացել, իսկ կենսաթոշակի չափերն ավելացել են առնվազն երեք անգամ պակաս, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական ծախսերը։ Թիրախավորվածից բարձր գնաճը շարունակվում է նաև 2023 թվականին։ Առաջնային սոցիալական հարվածը ստանում են ցածր եկամուտ ունեցող անապահով խավերը։

Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի նախորդ հինգ տարիներին, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։

Հաջորդը․ անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները։ Արցախի Հանրապետության տնտեսությունը շրջափակման հետևանքով արդեն իսկ կրել է շուրջ 100 միլիարդ դրամի կորուստներ, որը կազմում է ՀՆԱ-ի գրեթը 1/3-րդ մասը։

Հայաստանի օրվա իշխանությունն էլ խոսում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության աննախադեպ աճերի մասին։ Ի դեպ, 2023 թվականին՝ նախորդ տարվա փաստացիի համեմատ՝ նախատեսված աջակցությունը  կրճատվել է 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով և կազմում է ընդամենը 144 միլիարդ դրամ։ Սա պատիկներով զիջում է այն լրացուցիչ ծախսերի և տնտեսական կորուստների հանրագումարին, որը թռիչքաձև ավելանում է 44-օրյա պատերազմից հետո։

Հաջորդը՝ տնտեսական իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «ապաշրջափակման» քողի տակ։ Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։ Առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։

Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են տնտեսական անվտանգության սպառնալիքները, իսկ գործող իշխանությունը շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ