Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար:
Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնված պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը:
Այս առաջնությանը պատրաստվելիս Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է մեծածավալ աշխատանք և նշանակալի ներդրումներ: Կացության, մարզումների, մրցումների պայմանները, տեխնիկական ապահովումը, հեռուստատեսային ցուցադրությունը, նախադեպը չունեցող բացման արարողությունն ամենաբարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների կողմից:
Բազմաթիվ արձանագրումներով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպայի այս առաջնությունն իր կազմակերպմամբ վստահորեն կարող է մրցել աշխարհի առաջնությունների կազմակերպման հետ:
Համոզված եմ, որ մրցաշարի ավարտից հետո կկարողանանք արձանագրել, որ Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը