31 03 2023

Միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից․ Սեյրան Օհանյան



«Բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է, սակայն ոստիկանությունը և  ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջև եղած կոնֆլիկտին:

«Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տան այդ գործընթացին: Եթե նման որոշում է ընդունվել, պետք է լինի երկուստեք, որովհետեւ իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի վեր կենալ եւ կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթ կազմակերպեց: Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, եւ ես հանգստացրի ու հարթեցրինք, եւ կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանային լարվածությունը արդյո՞ք իշխանականները այդ միջադեպով չեն փորձում ստվերել, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածել մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Կարող է կոնֆիլկտ լինել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆիլկտներ, բախումներ պատգամավորների միջեւ»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին եւ Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաեւ ոստիկանանական գործողություններին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ