Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ մարտի 29–ին, ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին եւ փոխնախարար Արա Խզմալյանին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաեւ պատմական սրբավայրերի, Սփյուռքում եւ Արցախում ազգային-հոգեւոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը լուսաբանություններ տվեց տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման եւ ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։ Տիկին Ժ․ Անդրեասյանը մասնավորապես անդրադարձ կատարեց պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին եւ տարվող քարոզչական աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատեւ աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձեւավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Այս իմաստով Նորին Սրբությունը նկատեց, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձեւավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները եւ առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։
Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարեւորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաեւ ընդգծելով ազգային դպրոցի ձեւավորման եւ կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։
Քննարկվեցին նաեւ պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին եւ փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորվեց գործակցությունը նախարարության եւ Մայր Աթոռի Արցախի հոգեւոր ժառանգության պահպանության գրասենյակի միջեւ, ինչպես նաեւ պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելեց Վեհարանի թանգարան, նաեւ ծանոթացավ Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգության աշխատանքների ընթացքին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը