Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Ռուս խաղաղապահները միեւնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները եւ, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:
Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը