22 03 2023

Պաշտոնատար անձը նվեր ստանալիս պետք է դիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Պաշտոնատար անձը նվեր ստանալիս պետք է դիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։

Ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն:

Արդարադատոթյան նախարարությունից հայտնում են՝ թույլատրելի նվերներ են համարվում միայն պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի կամ միջոցառումների ժամանակ, գործուղումների շրջանակներում տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը:

Թույլատրելի նվերները պաշտոնատար անձը պետք է հաշվառի նվերների հաշվառման ռեեստրում, եթե դրանց արժեքը գերազանցում է քառասուն հազար դրամը կամ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում ստացվել է պարբերաբար:

Եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, ապա այդ մասին հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, իսկ այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձիք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Ըստ համապատասխան մարմինների տրամադրած խորհրդատվական կարծիքի, եթե նվերը համարվում է թույլատրելի չհամարվող, ապա պաշտոնատար անձը պարտավոր է ստացված նվերը վերադարձնել կամ դրան համարժեք հատուցում տրամադրել նվիրողին: Եթե նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նվերը հանձնվում է պետությանը կամ համայնքին։

Պետությանը կամ համայնքին են հանձնվում նաև պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները՝ այն դեպքում, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Օրենքի կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 02.01.2023թ., սակայն նվերների հաշվառման, դրանց թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման, դրանք պետության կամ համայնքի սեփականությանը փոխանցվելու վերաբերյալ կարգավորումները գործելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան կարգերը և խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը հաստատելու պահից:
    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ