Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի:
Այս մասին նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին:
Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես ՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է փակ պահել կյանքի ճանապարհը:
Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:
Անկոտրում է արցախցու կամքը: Կա, արդյո̉ք, ապաշրջափակման տարբերակ: Կարծում եմ՝ այո:
Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:
Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի:Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ:
Արցախցիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Թերևս ամենամեծ աշխատանքը՝ սկսած ծննդատան մանուկից մինչև զառամյալ ծերունի, հայ ազգի արժանապատվության պահպանումն է, որը կատարում ենք Աստծո օրհնությամբ և մեր համառության շնորհիվ:
Աստված պահապան հայկական երկու հանրապետություններին»,-ասված է ԱՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը