20 03 2023

Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր են արձանագրվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր են արձանագրվել

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Կոմիտեից մանրամասնում են՝ պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, ով նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ