17 03 2023

Հանցագործը չի կարող քննել իր հանցագործության վարկածը․ ԱԺ պատգամավորը՝ պատերազմը քննող հանձնաժողովի մասին



«Կարելի է ենթադրել, որ Քննիչ հանձնաժողովի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի կրկնել վարչապետի հրաժարականի պահանջը, ինչից Անդրանիկ Քոչարյանի ոգևորությունը կարող էր մեծանալ»,-այ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին 44-օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավական դրական գնահատեց Օնիկ Գասպարյանին:

«Իշխանությունը չունի հաստատուն տեսակետ. Նախկինում ասում էին՝ Օնիկ Գասպարյանը 5-րդ շարասյան է սպասարկում, դավաճան է, հիմա ասում են՝ Օնիկ Գասպարյանը լավն էր, իզուր էլ հանեցինք բանակից: Բա չհանեի՞ք: Դուք մարդուն պախարակում եք, հանում եք պաշտոնից, հետո փոշմանում եք: Իրենց հարաբերություններն իրենք պետք է կարգավորեն»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նշում է, որ որևէ ակնկալիք չունի այդ քննիչ հանձնաժողովից, որովհետև այդ քննիչ հանձնաժողովի գործունեությունը ընդդիմության գործիք է. «Չի կարող ենթադրյալ հանցագործը քննել իր հանցագործության վարկածը: Իսկ իշխանությունը հիմա քննում է իր հանցակցությունը, պատերազմի ժամանակ իր վարած քաղաքականության սխալները: Չի կարող իշխանությունն օբյեկտիվ լինել: Այդ գործընթացի նկատմամբ հավատ չի լինելու, որովհետև Հայաստանն ուներ գերագույն գլխավոր հրամանատար և նա  մեղավոր է, և պատասխանատու է»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ