06 03 2023

ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անձնագրեր

ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անձնագրեր

ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգի անցման քաղաքականություն` ՀՀ քաղաքացու անձը հաստատող բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթեր տրամադրելու համար:

Այդ նպատակով ընթանում են բարեփոխումներ, որոնց արդյունքում նախատեսվում է տրամադրել նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված անձը հաստատող կենսաչափական փաստաթղթեր` ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ ՀՀ-ում օրինական բնակության իրավունք ունեցող այլ անձանց՝ աստիճանաբար հին անձնագրերը փոխարինելով նորերով:

Նշված հանգամանքով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով դադարեցվել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրումը, իսկ նույնականացման քարտերը 2023 թվականի փետրվարի 15-ից տրամադրվում են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև նոր անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձեռք բերումն ու քաղաքացիներին տրամադրելը (ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին»  և «Նույնականացման քարտերի մասին»  օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որոնք ընդունվել և ուժի մեջ են մտել 30.12.2022 թվականից):

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ծրագրային փոփոխություններ, ինչի հետևանքով համակարգը երբեմն խափանվում էր և հնարավոր չէր լինում ձևակերպել ու թողարկել նույնականացման քարտերը:

Խափանումները կարող էին տևել մի քանի ժամից մի քանի օր, ինչով պայմանավորված՝ նման իրավիճակներում անձնագրային ծառայություններին հանձնարարվել էր նույնականացման քարտեր չձևակերպել կամ ձևակերպել, սակայն սեղմ ժամկետում ծառայությունների մատուցման պայմանագրեր չկնքել:

Բացի այդ, հաշվի առնելով առկա նույնականացման քարտերի բլանկների սղությունը, մինչև նոր նույնականացման քարտի ձեռք բերումը և 2023 թվականի փետրվարի 15-ից քաղաքացիներին տրամադրումը, դրանք տրվել են որոշակի սահմանափակումներով և հիմնականում այն անձանց, ովքեր իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն:

2023 թ․ փետրվարի 15-ից ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ