01 03 2023

ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռ են հասցրել Արցախ

ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռ են հասցրել Արցախ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս– Ստեփանակերտ երթուղով: Ստեփանակերտում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի շրջանակներում բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ տրամադրվել։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը ականներից և արկերից մաքրել են 2513,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ,1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա: «ՌԴ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ