28 02 2023

Մի ամբողջ ակադեմիայի ճակատագրի հետ խաղալու ՝ ՔՊ-ական քաղաքականությունը․ Լիլիթ Գալստյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, այսօր, ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է մտահոգիչ իրողության, որը նեկայացնում ենք ստորև․

Գիտությունների Ազգային Ակադեմիան վերակազմակերպելու և որոշ գիտական ինստիտուտներ բուհեր-ին միացնելու մասին վերջերս հնչող մտքերն ու քննարկումները խիստ տագնապեցնող են:

Կարելի էր Հայաստանում գիտության կազմակերպման մոդելի շուրջ քննարկմանը բնականոն վերաբերվել, եթե  ինչպես ասում են՝ տառապանքը փորձ չունենար և շարունակ չբախվեինք առանց  համակողմանի քննարկման, մասնագիտական և հանրային կարծիքն արհամարհող ճակատագրական որոշումների կայացման:

Անհերքելի է, որ Հայաստանում թե՜ գիտության, թե՜ կրթության ոլորտներում բովանդակային  և որակական փոփոխությունների,  հատկապես պետական քաղաքականության մեջ առաջնահերթություններ սահմանելու անհրաժեշտություն կա:

Սակայն ՀՀ կրթության մինչև 2030թ. ռազմավարության մեջ ամրագրված ընդամենը մեկ՝ «ըստ ուղղությունների պետական բուհերի խոշորացում և գիտական ինստիտուտների հետ միավորում» նպատակադրումը դեռ մի ամբողջ Ակադեմիայի ճակատագրի հետ խաղալու և նրա ապագան հարցականի տակ դնելու հիմք չէ: Ի վերջո բոլորովին վերջերս բախվեցինք Բրյուսով-Գյուղ և ֆիզկուլտ ինստիտները միավորելու խիստ խոցելի, բացահայտ ապօրինի օպերացիային:

Ակնհայտ է՝ ՀՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադրումով է Հայաստանում անեևակայելիորեն զարգացել գիտական միտքը, Հայաստանը դարձել ճանաչելի:  Անգամ Ակադեմիայի շենքն իր ճարտարապետությամբ և դիրքով խոսում է օրվա  իշխանությունների քաղաքական արժեքների համակարգում գիտության կարևորության մասին:

Եվ հիմա, երբ չկան ձեռքբերումների և հնարավոր ռիսկերի հաշվարկները, պետությունը չի հստակեցրել իր նպատակներն ու ռազմավարությունները,  ակադեմիան վերակազմավորելու մասին ԿԳՄՍ պաշտոնյաների կողմից շրջանառվող մտքերը վտանգավոր են և  տասնամյակներով ստեղծված կառույցն՝ իր գիտական ահռելի ժառանգությամբ և ներուժով կարող է պարզապես փոշիանալ:

Ի վերջո, աշխարհաքաղաքական տվյալ միջավայրում  Հայաստանը պիտի սահմանի, թե գիտությունն ինչպես է բավարարում երկրի կարիքներն և առաջնահերթությունները, արդյունավորում մարդկային կապիտալի զարգացումը:

Այս հարցերի ողջ շրջանակը չի ներառում նաև ԵՄ ուսումնասիրությունը: Ի վերջո ինչու չընտրել էվոլյուցիոն զարգացման ճանապարհը, նաև չհիշել, այդ զեկուցման հիմնավոր ահազանգը, թե ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում Ակադեմիկան համակարգի չակերտավոր բարեփոխումն ինչ անդառնալի հետևանքներ ունեցավ:

Իմ խորին համոզումով Բուհ-երն ուժեղացնելու խոցելի հիմքով հատկապես ՀՀ ԳԱԱ Լեզվի, պատմության, գրականության և հումանիտար մի շարք ինստիտուտների միավորումը Բուհերին, ոչ միայն չի բխում երկրի շահերից, այլև ծրագրավորված հարված է մեր ինքնութենական արժեքներին: Այո, սրանք պատահական ոլորտներ չեն, այս՝ հայագիտական և հումանիտար գիտությունների դաշտում են ձևավորվում և սնվում ազգային արժանապատվությունը, մտածողությունն ու արժեհամակարգը:

ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել ԳԱԱ բոլոր ինստիտուտների որոշումներին՝ որոնք իրենց սկզբունքային անհամաձայնությունն են  հայտնել ՀՀ ԳԱԱ-ն վերակազմակերպելու ՀՀ ԿԳՄՍ չհիմնավորված նպատակադրման դեմ:

 

                                                                                                                            

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ