21 02 2023

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի Սերյոժա Աբրահամյանի քույրը

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի Սերյոժա Աբրահամյանի քույրը

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում այսօր՝ փետրվարի 20-ին, լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ փոքրիկ Սերինեն: Այս մասին հաղորդում են Արմավիրի մարզպետարանից։

Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդօգնության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մկրտչյանը պատմել է, որ նորածնի մորը՝ Հասմիկ Աբրահամյանին, ճանաչել է ավելի վաղ, երբ նա հիվանդանոց էր եկել աշխատանքի համար։ Հղիության մասին խոսք չի եղել, չեն պլանավորել, բայց կարճ ժամանակ անց մտափոխվել է։

«Երբ պլանավորեցինք հղիությունը եւ սկսեցինք հետազոտել, պարզվեց, որ Հասմիկն արդեն հղի է։ Աստծո պարգեւ ենք համարել եւ բոլորս անհամբեր սպասել ենք փոքրիկի լույս աշխարհ գալուն»,- պատմել է բժշկուհի Մկրտչյանը։

Հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանն էլ նշել է, որ 42-ամյա կնոջ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։

Մոր՝ Հասմիկի խոսքերով կյանքը նոր գույնով է լցվել, վերաիմաստավորվել է:

Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր Սերյոժայի, Սերինե են կոչել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ