26 01 2023

Կենդանի մահը. 168.am

Կենդանի մահը. 168.am

168.am-ը գրում է․ Ժամանակի ու տարածության հարաբերությունը հայկական աշխարհում ողբերգական է։ Ժամանակի հետ երկրից մնացած տարածությունը փոքրանում է։ Ժամանակը նաև սպանում է նեղացող տարածքի բնակիչներին։

Հատկապես երիտասարդ բնակիչներին։

Մահաբեր ժամանակը հաստատվել է կյանքի պատրանքով։ Երկիրը կարծես ապրում է, քաղաքն ակտիվ կյանքի տպավորություն է թողնում։ Բայց այդ կյանքի մեջ կա մահ, գալիք մահ, մահվան տեսիլք, որով անտեսանելիորեն պարուրված շրջում են երջանիկ երիտասարդները։ Հատկապես երիտասարդները, որոնք օրեր, ամիսներ հետո կարող են մահանալ սահմանին կամ այրվել զորամասի տեղ հրամցվող ինչ-որ տարածքում։

Մահվան անդադար ներկայություն կա մեր կյանքում։ Բայց դա սովորական մահվան սովորական ներկայությունը չէ, որ ցանկացած կյանքի անբաժանելի մաս է։ Մեր բաժին մահը անժամանակ մահ է ու մահ է, որ կարող է կանխվել, բայց չի կանխվում։ Իսկ չկանխված մահը սպանություն է լայն իմաստով։ Առնվազն չկանխամտածված՝ որպես հանդուրժվող սպանություն։ Բայց նաև մտադիր սպանություն՝ որպես մահ առաջացնող գործողությունների հետևանք։

Այդ գործողությունների/անգործության հեղինակն իշխանությունն է՝ անհատապես ու հավաքականորեն։

Նիկոլ Փաշինյանն ինքը մահվան խորհրդանիշ է։ Ոչ թե խորհրդանիշ է, այլ Նիկոլ Փաշինյանը կենդանի մահ է։ Նրա խիղճը, եթե այդպիսի գո, իհարկե, կա, ծանրացած է հազարավոր մահերով։ Եվ, եթե նա ապրում է այդ բեռով, ոչ այլ ոք է, քան կենդանի մահը։ Մահվան հիշողությունը։ Մահվան ներկայությունը։ Մահվան մունետիկը։

Մենք ապրում ենք իրականությունում, որտեղ ոչ թե ապրելու համար պետք է մեռնել, ինչը գոնե հերոսականության նշույլ ունի, այլ հակառակը՝ ապրում ենք մեռնելու համար, որը կյանքի սպառողական տեսակ է ու նաև մահը վիճակագրություն դարձնող շարժընթաց։

Ժամանակի հետ մեր հարաբերության հավասարակշռությունն անդառնալիորեն խախտված է։ Մենք բազմապատիկ ավելի ենք տալիս ժամանակին, քան ստանում ենք նրանից։ Ժամանակը խլում է մեր լավագույն զավակներին, որովհետև ժամանակն է նաև այն իշխանության պատվանդանը, որի պատճառով զոհվում են երիտասարդները։

Ու ժամանակը նաև հեռացնում է հիշողությունը։ Անցյալի զոհերից մնացած հուշը խամրում է ներկա ու ապագա զոհերի համար տեղ ազատելու նպատակով։

Էպիկուրյան մխիթարանքը, թե մահվանից պետք չէ վախենալ, քանզի մահն ու կյանքը երբեք չեն հանդիպում, մեր դեպքում կարծես չի գործում։ Որովհետև մեր իրականությունում կյանքն ու մահը հանդիպում են անընդհատ, ժամանակային կարճ խզումով։

Կենդանի մահը վախենալու է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ