16 01 2023

Ո՞ր ենթակառուցվածքներն են Բերձորից տեղափոխվել. նախարարության պարզաբանումը. Yerkir.am

Ո՞ր ենթակառուցվածքներն են Բերձորից տեղափոխվել. նախարարության պարզաբանումը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Yerkir.am-ը հարցում էր արել ՀՀ կառավարությանը՝ փորձելով պարզել, թե ներկայումս Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի հոսքագիծը, ինտերնետ կապի, հեռախոսակապի մալուխներն անցնում են ընթացիկ տարում գործարկված Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհո՞վ, թե՞ դեռևս գործում են Բերձորով անցնող նախկին ենթակառուցվածքները:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պատասխան գրությամբ հայտնվում է, որ ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացվում է գործող ենթակառուցվածքներով (Տեղ-Բերձոր): Միաժամանակ ավարտին են մոտենում Բերձորը շրջանցող Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման շուրջ 12 կմ երկարությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Թե երբ կավարտվեն դրանք, և երբ Արցախը կունենա էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով հոսքագիծ՝ նախարարությունը չի մանրամասնել:

Նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հեռահաղորդակցության ենթակառուցվածքները (ինտերնետ և հեռախոսակապ) 2022 թ. սեպտեմբեր ամսից տեղափոխվել են և չեն անցնում Բերձորի տարածքով: Այսինքն՝ հաստատվում է, որ օրերս Արցախին ինտերնետ մատակարարող մալուխը վնասել կամ կտրել էին ոչ թե Բերձորում, այլ Շուշիին հարող ճանապարհահատվածում, իսկ վնասողները, բնականաբար, եղել են բնապահմանների դերում հանդես եկող ադրբեջանական հատուկ մարմինների ներկայացուցիչները:

Ըստ նախարարի տեղակալի գրության՝ այս պահին Բերձորը շրջանցող նոր գազատարի կառուցման աշխատանքներ նախատեսված չեն: Թե ինչու՝ կրկին չի մանրամասնվում: Ստացվում է՝ առնվազն գազամատակարարման հարցում արցախահայությունը մշտապես կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների հայեցողությունից, իսկ վերջիններս, բնականաբար, այդ խաղաթուղթն անխնա օգտագործելու են սեփական հայաջինջ գործողություններում:

Իսկ թե ինչու նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ չեն իրականացվել նաև ենթակառուցվածքների ամբողջովին տեղափոխման աշխատանքները՝ կարելի է անել ենթադրություններ, որոնցից մեկը, բնականաբար, կարող է լինել Արցախը Ադբեջանին հանձնելու Փաշինյան-Ալիև դավադիր պայմանավորվածությունը»:

Վ․ Սարգսյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ