13 01 2023

9 միլիոնի վնասի դիմաց՝ 2 միլիոն փոխհատուցում. 168.am

9 միլիոնի վնասի դիմաց՝ 2 միլիոն փոխհատուցում. 168.am

168.am-ը գրում է․ Կառավարությունը նախորդ տարեվերջին վերջապես փոխհատուցում տրամադրեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին պատկանող անասունների համար, որը թշնամին գողացել էր դեռ 1.5 տարի առաջ։
Միայն Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ Կութ գյուղի բնակիչներին շուրջ 22 միլիոն դրամ է հատկացվել, այն էլ պայմանով: Ինչպես բնակիչներն են ասում՝ տրամադրած այս գումարի 80 տոկոսը պետք է ծախսեն բացառապես կորցրածը վերականգնելու համար՝ անասուններ պետք է ձեռք բերեն։

168.am-ը դեռ 2021 թվականից էր այս խնդրին անդրադարձել և մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում: Բազմիցս զրուցել ենք տուժած բնակիչների հետ, ինչպես նաև խնդրի վերաբերյալ հարցեր ուղղել Գեղարքունիքի մարզպետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

 Հիմա, երբ վնասը փոխհատուցվել է, 168.am-ը կրկին կապ հաստատեց սահմանամերձ Կութ գյուղի բնակիչների հետ, նախևառաջ պարզելու, թե տրամադրված գումարն իրենց կորցրածի լիարժեք հատուցո՞ւմն է, թե՞ ոչ:

«Մի անասնագլխին 280.000 դրամ փող են տվել, մենք 7 անասուն էինք կորցրել, ընդհանուր 1.960.000 դրամ են փոխհատուցել, բայց դե, այս անասունները 300-400 հազար դրամ են, բոլորինն էլ 280.000 դրամ են տվել»։

Սիմա Չիտչյանին հարցրեցինք նաև, թե արդյոք հաշվարկե՞լ են, բացի անասունների ինքնարժեքը, յուրաքանչյուրը 1.5 տարվա ընթացքում որքա՞ն եկամուտ կտար․

«Կթու կովեր էին, հիմա դրանք 2 անգամ հորթ էին տվել, բացի այդ, կաթ էինք հանձնելու։ Կորուստը անհամեմատ շատ է, բայց դե, դա էլ էր մի բան այս նեղ պահին․

Մեկ կովը օրական ամենաքիչը 10 լիտր կաթ է տալիս, կով կա՝ 12, 15 լիտր։ Եթե ամենաքչով ենք հաշվում՝ օրը 10 լիտր, ապա ստացվում էր, որ ամիսը 300 լիտր, իսկ կաթը մենք 180-190 մինչև 200 դրամով էլ ենք հանձնում՝ կախված յուղայնությունից:

Ստացվում է, որ 1 կովը ամիսը 60.000 դրամի կաթ է տալիս, եթե այն բազմապատկեք 1.5 տարով, ապա կտեսնենք, թե իրական վնասը որքան է կազմել։

18 ամսում յուրաքանչյուր կով 1.080.000 (մեկ միլիոն ութսուն հազար) դրամի եկամուտ էր բերելու, ինչից զրկվել են բնակիչները։

«Այո, եթե այդ հաշվարկներն անում ենք, տեսեք՝ ինչ ահռելի վնասի մասին է խոսքը։ 7 միլիոն դրամից ավելի գումար միայն այդ 7 կովերից հանձնած կաթն էր լինելու, գումարած դրանց իրական արժեքը՝ յուրաքանչյուրը՝ 300-400 հազար դրամ»,- ասաց Կութի բնակիչը։

Ստացվում է, որ միայն այս բնակչին պատճառված 9.660.000 դրամ վնասի դիմաց Կառավարությունը տրամադրել է ընդամենը 1.960.000, այսինքն՝ մոտ 8 միլիոն դրամ պակաս գումար։

Սիմա Չիտչյանն անդրադարձավ նաև Կառավարության փոխհատուցմանը զուգահեռ ներկայացրած պայմանին՝ պետք է գումարի 80 տոկոսը ծախսեն բացառապես անասուններ գնելու համար: Ստեղծված իրավիճակում դա այդքան էլ խելամիտ չէ, ասաց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով գյուղում այսօր էլ առկա ոչ անվտանգ իրավիճակը: Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով հազիվ են անասունները դուրս հանել գյուղից, որն իրենց ապրուստի միակ միջոցն է:

«Որ դրությունը լավանա՝ Կութի այս տուժած 5 ընտանիքս էլ չարչարվող, անասունով ապրող մարդիկ ենք, էլի կառնենք, էլի կշատացնենք, բայց սեպտեմբերին տեսաք, թե մեր գլխին ինչ եկավ։ Թշնամու հարձակման պատճառով 3-4 օր գյուղ չեկանք, հետո էլ եկանք, անասունները հանեցինք տարանք, այնտեղ պահել հնարավոր չէր, հասցրեցինք Աշտարակ, հետո էլ այնտեղ էլ հնարավոր չէր, էժան գներով ծախեցինք, 19 անասունից ընդամենը 6 կով ենք հետ բերել։ Այդքան ծախսերով գնացինք հետ եկանք, միայն միլիոնից ավելի գումար անասունների ու խոտի տեղափոխմանն ենք տվել»։

Կութի բնակչի խոսքով՝ իրենք պատրաստ են շարունակել անասնապահությամբ զբաղվել, բայց դրա համար նախ հարկավոր է այնպես անել, որ թշնամին գյուղի վերևի սարերից նահանջի․

«Գոնե, որ սրանք պոստերը հետ տանեն, մենք էլի մեր անասունները կշատացնենք, կապրենք։ Թե չէ հիմա շատացնենք, էլի թուրքը տանի՞, տեսնենք՝ գարունը ո՞նց է լինելու․․․»։

Նշենք, որ մինչև Կութի բնակիչներին փոխհատուցում տրամադրելը Գեղարքունիքի մարզպետարանը սեփական միջոցներից 2 անգամ օգնություն է հատկացրել տուժած ընտանիքներին։

«Առաջինը նախկին մարզպետ Գնել Սանոսյանի օրոք է եղել, յուրաքանչյուր անասունի համար՝ 7000 դրամ, իսկ երկրորդը գործող մարզպետի օրոք, յուրաքանչյուր անասունի համար՝ 10.000 դրամ»,- ասաց Սիմա Չիտչյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանցի զինված ծառայողները խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ են եկել՝ պատճառաբանելով, թե իրենց տարածքներն են, հետևաբար՝ չեն հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Թշնամու այս առաջխաղացումից 1 ամիս էլ չէր անցել, երբ նրանք գողացան Կութ գյուղի բնակիչներին պատկանող 80 անասուն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ