News.am-ը գրում է
Հայաստանի անկախության 31–ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21–ին, սակայն սահմանային լարվածությամբ պայմանավորված հետաձգվել էր, անցկացվելու է այսօր՝ դեկտեմբերի 28–ին։
Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ մրցանակաբաշխությունը կազմակերպող ընկերություններից մեկի կողմից մատուցված ծառայությունների եւ մատակարարված ապրանքների դիմաց վճարվել է շուրջ 21, 5 մլն դրամ, որն օգտագործվելու է այսօր նախատեսված մրցանակաբաշխության ընթացքում։
«Հաշվի առնելով Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով մրցանակաբաշխության չեղարկումը՝ կազմակերպող ընկերություններից երկուսի հետ կնքված պայմանագրերը փոխադարձ համաձայնությամբ լուծարվել են, նրանց կողմից ծառայություններ ու ապրանքներ չեն մատուցվել, վճարումներ չեն կատարվել։ Երրորդ ընկերության հետ կնքված պայմանագիրը եւս լուծարվել է, իսկ ընկերության վճարված կանխավճարի եւ վերջինիս կողմից փաստացի մատուցված ծառայությունների ու ապրանքների արժեքի տարբերությունը վերադարձվել է պետությանը»,– ասվում է հարցման պատասխանի մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am կայքը հայտնել էր, որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման համար Կառավարությունը նախ իրականացրել էր 120 միլիոն դրամի գնում։
Մրցանակաբաշխության կազմակերպման համար որեւէ գնման մրցույթ չէր հայտարարվել, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը նախընտրել էր պետբյուջեի 120 միլիոն դրամից 40 միլիոն դրամով մեկ անձից գնում կատարել՝ «Բրիդջ» ՍՊԸ-ից, եւ 80 միլիոն դրամով՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից։
Հենց այս երկու կազմակերպություններն էին 120 միլիոն դրամով Կոտայքի մարզի Գառնի գյուղում կազմակերպելու «Մեր ժամանակների հերոսը» շարքի հերթական միջոցառումը։
168.am–ը, սակայն, հայտնել էր նաեւ, որ Կառավարությունը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար չի բավարարվել 120 միլիոն դրամով, եւ եւս 33 մլն դրամ է հատկացրել՝ այս անգամ արդեն «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին, որը պետք է բեմի վրա դեկորներ տեղադրեր եւ իրականացներ տպագրման ծառայություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը