Նյութը՝ «Արմենպրես»-ի
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է՝ զրկված լինելով պարենի, դեղամիջոցների, լայն սպառման ապրանքների մատակարարումներից:
Մասնավորապես, մրգերի և բանջարեղենի մեծ մասը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից, ներկայում՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված, նշված ապրանքային շուկայում զգացվում է իրացվող գրեթե բոլոր ապրանքների պակաս: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը ներկայացրեց շարք լայն սպառման ապրանքատեսակների շուկայում նախորդ երկու օրերի դիտարկման արդյունքները:
«Նախքան շրջափակումը Հանձնաժողովի մոնիթորինգների ընթացքում ֆիքսվում էին բանջարեղենի և մրգերի ավելի մատչելի տեսականիների իրացման գները, և արդեն ավելի էժան ապրանքատեսակների բացակայությամբ պայմանավորված, ֆիքսվում են որակապես ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ իրացման համապատասխան գներով»,-նշեց Ավթանդիլյանը՝ հավելելով, որ նման դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում:
Անդրադառնալով հարցին, թե ինչ ապրանքատեսակների սղություն է զգացվում վերջին երկու օրերին, մեր զրուցակիցը նախ նշեց, որ ներկայում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից նախկին ամենշաբաթյա ռեժիմի փոխարեն, շրջափակման ընթացքում դիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով:
«Դեկտեմբերի 22-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու»,-մանրամասնեց ՏՄՊ վարչության պետը:
Անդրադառնալով նախաշրջափակման համեմատ գնային փոփոխությունների մասին հարցին՝ Հրաչ Ավթանդիլյանը հավաստիացրեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ, նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը:
«Ոչ ոք չի պատրաստվում ստեղծված իրավիճակից օգտվելով իրականացնել գնային անհիմն բարձրացումներ, այնուամենայնիվ Հանձնաժողովը հետևողական է և մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու և գնաճը վերահսկելու նպատակով շարունակում է ամենօրյա դիտարկումները»,-ընդգծեց ոլորտի պատասխանատուն՝ հորդորելով հանրությանը անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Հանձնաժողովին:
Ներկայացնելով կարևոր դեղամիջոցների բացակայության կամ սպառման եզրին գտնվելու, ինչպես նաև դրանց գնային փոփոխությունների վերաբերյալ դիտարկումների արդյունքները, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Հանձնաժողովի կողմից ամենօրյա ռեժիմով դիտարկումներ են իրականացվում նաև Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում՝ վերահսկելու և թույլ չտալու դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների իրացման գների անհիմն բարձրացումները: Իրականացված դիտարկումների արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում՝ հանրության տեղեկացվածությունն ապահովելու նպատակով:
«Գների անհիմն թանկացման վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում՝ արդյունքների մասին տեղեկացնելով վերջիններիս: Հանձնաժողովի կողմից բացատրական աշխատանքներ են տարվում դեղատների տնօրինության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիների բողոքները հիմնավոր չեն և դեղատան կողմից չէր իրականացվել գնի բարձրացում, այսինքն՝ իրացման գնի թվացյալ փոփոխությունը պայմանավորված է ապրանքանիշերի, դրանց փոխարինողների, ծագման երկրի և դեղաչափերի տարբերությամբ»,-ասաց Ավթանդիլյանը՝ շեշտելով, որ այն դեպքերում, երբ բողոքները հիմնավոր են, Հանձնաժողովը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կիրառում է պատասխանատվության միջոց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը