10 12 2022

Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդու իրավունքների օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: 

«Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։

Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։

Այսօր մենք նաև նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ Օր, երբ մենք, իրացնելով մեր ինքնորոշման իրավունքը, արտահայտել ենք մեր կամքը՝ անկախ ապրելու մեր հայրենիքում և որոշելու մեր ապագան։

Ավելի քան երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որ պետք է վերջ դներ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ապահովեր խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, սակայն այն, ինչ ունենք, շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։

Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիմել է բազմաթիվ հանցագործությունների՝ սպանելով քաղաքացիական անձանց, առևանգելով և խոշտանգելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով նրանց ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, դիտավորյալ խաթարելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը և ոտնձգելով Արցախի ամբողջ բնակչության հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Սրանք փաստեր են, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են, մարդկանց խաթարված կյանքն է ու մշուշոտ ապագան։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն փորձում է փակել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ։ Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով։ Բայց Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները։ Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։

Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը։ Ես դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու և իմ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Առկա վկայությունները առավել քան բավարար են միջազգային համապատասխան մեխանիզմներ գործի դնելու համար։ Սա մեկ կամ մի քանի դերակատարների պատասխանատվության հարց չէ, սա ամբողջ միջազգային հանրության պատասխանատվության հարց է։

Ես ձեզնից անկողմակալություն և համարձակություն եմ ակնկալում։

Շնորհակալություն»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ