2020 թ. դեկտեմբերի 1-ին առանց կրակոցի թշնամուն դավադրաբար հանձնվեց Արցախը մայր Հայաստանին կապող կարևորագույն՝ Քաշաթաղի շրջանը: Դա իրականացվեց նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն:Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո շրջանի բնակիչները սկսել էին զանգվածաբար լքել իրենց բնակավայրերը, ոմանք, չկարողանալով անգամ դուրս բերել իրենց գույքը, հեռացան իրենց հայրենի հողից:
Քաշաթաղի շրջանի հանձնումը «հայոց ամոթի» երրորդ փուլն էր, երբ առանց կրակոցի Արցախի շրջաններ էին հանձնվում թշնամուն. նոյեմբերի 20-ին հանձնվեց Ակնան , իսկ 25-ին՝ Քարվաճառը։
Երկու տարի առաջ այս օրը թշնամին Բերձորի և Քաշաթաղի շրջանի ազատագրումից մոտ 28 տարի անց առաջին անգամ ոտք դրեց Բերձոր, այնտեղ փակցրեց սեփական դրոշները, լուսանկարվեց, հանեց դրոշները և հեռացավ: Թշնամին վերջնականապես տիրացավ հայորդիների արյամբ 1992 թ. մայիսի 17-18-ին ազատագրված Բերձոր շրջկենտրոնին 2022 թ. օգոստոսի 25-26-ին, երբ թշնամուն հանձնվեց Բերձորը, Աղավնոն և Սուսը:
Այսօր Քաշաթաղի շրջանից մնացել է միայն մի փոքր միջանցք, այն էլ՝ ոչ հայկական վերահսկողությամբ։ Շատ քիչ ընտանիքներ են որոշել շարունակել ապրել ու շենացնել իրենց հայրենի հողերը` չնայած իրենց գլխին կախված վտանգին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը