7or.am-ը գրում է
Կառավարությունը հրատապ ու արտահերթ կարգով հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Խորհրդարանի ՔՊ–ական մեծամասնությունը հավանություն տվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործունեությանն առնչվող օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելուն։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր ԱԱԾ արխիվներին։
Նախկին ձևակերպումն այսպիսին էր․ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»։ Նիկոլենք փոխեցին այն ու օրենքում դրեցին հետևյալ ձևակերպումը․ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։
Ուշադրությու՛ն դարձրեք․ ԱԱԾ արխիվներն, ըստ նոր կարգավորման, կարող են ոչնչացվել՝ չգաղտնազերծվելով, ընդ որում՝ ոչնչացվել ինչ որ մի պաշտոնյայի՝ վարչապետի, ԱԱԾ ղեկավարի, որևէ վարչության պետի որոշմամբ (օրենսդրական փոփոխությունը հստակություն չի մտցնում այս հարցում)։
Թե ինչու է արտահերթ կարգով Նիկոլ Փաշինյանին պետք եղել ԱԱԾ արխիվների ոչնչացումը, ինքը կիմանա։ Ամեն դեպքում սա ունայնություն է։
Եթե խնդիր ունեն ոչնչացնելու գործակալների պատմությունները կամ ենթադրաբար մաքրել հետքերը, ապա դա ծիծաղելի է, քանզի նիկոլենց գործողություններն ու դրանց հետևանքները բոլորի աչքի առաջ են։
Իսկ եթե նիկոլենք ուզում են կորցնել տարատեսակ օմեգաների «պոչերը», ապա դա էլ է անիմաստ զբաղմունք, քանզի ամեն ինչ պարզ է։
Հայաստանում կա թուրքական 5–րդ շարասյուն և նրանք գործում են բացահայտորեն՝ պարբերաբար հրապարակավ հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ուկրաինական դրոշներով ցույցեր են անում Երևանում, հանդես են գալիս հայ–ռուսական հարաբերությունների դեմ, ուզում են քանդել Արցախի անվտանգային միջավայրը։ Սրանք բոլորը խրախուսվում և ուղղորդվում են Նիկոլի կողմից։ Թե ինչու է այդպես ստացվում և ով ինչքան է մխրճված այս ամենի մեջ, պարզ կդառնա իշխանափոխությունից հետո։ Այլ կերպ ասած՝ քաղաքական «հերձումը» ցույց կտա ամբողջական պատկերը։ ԱԱԾ արխիվները լինեն, թե չլինեն, «հերձումը» դրանից չի տուժի։
Հայկ Ուսունց
Հ․Գ․։ ԱԱԾ–ի հետ ու ԱԱԾ–ի ներսում տիրող վիճակի մասին արխիվներից շատ ավելի խոսուն է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը (այդպես է որակված քրգործով)։ Այս թեման էլ իշխանափոխությունից հետո լրջագույն քննության առարկա պետք է դառնա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը