16 11 2022

Պեմզաշենում սպանված քաղաքացիների հարազատներն ցանկացել են այրել մեղադրյալի տունը․ Mediahub.am

Պեմզաշենում սպանված քաղաքացիների հարազատներն ցանկացել են այրել մեղադրյալի տունը․ Mediahub.am

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում լարված վիճակ էր ստեղծվել։ Որոշ գյուղացիներ հավաքվել էին երեք սպանությունների՝31-ամյա Զարինե Մելիքսեթյանի եւ նրա անչափահաս երեխաների սպանությունների մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տան մոտ և ցանկացել են այրել այն։ Այս մասին գրում է Mediahub.am-ը։

Ավելի ուշ լրատվականը հայտնել է, որ գյուղում վիճակը հանդարտվել է։ Բնակիչները հեռացել են Վրույր Բարսեղյանի տան մոտից։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի շարժառիթը եղել է գողությունը։

«Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին՝ պայմանավորվել է մուտք գործել տուն եւ գումար հափշտակել։ Նույն օրը, օգտվելով նշված տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել տուն։ Երբ տեղեկացել են՝ տանը գումար չկա, կապել եւ դաժանությամբ սպանել են կնոջը։ Ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը եւ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ