NEWS.am-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 16-ին՝ժամը 09:50-ի սահմանում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Կամազ»-ի կողաշրջման հետեւանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գրիգոր Գրիգորյանը կոչումով սերժանտ էր, սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից։
22–ամյա Գրիգորը Արտաշատ քաղաքից էր։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնել են Արտաշատի համայնքապետարանից։
Նախարարության փոխանցմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը