Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող գերեվարված և պատանդառված մեր հայրենակիցներին վերջին անգամ տեսակցել են հոկտեմբերին։ Ադրբեջանում պահվող գերիներից ոչ մեկի հետ այս ամսվա ընթացքում տեսակցություն դեռևս չի եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
«Այս պահին լուր չունենք դեռ, բայց նոյեմբերը դեռ չի ավարտվել, կարող է և առաջիկայում ունենանք։ Համենայնդեպս, այս պահին որևէ բան չեմ կարող հաստատել այդ կապակցությամբ»,- ասաց Ամատունին՝ հավելելով, որ վերջին երկու տարվա ընթացքում քիչ թե շատ տեսակցություններ են ունենում ամսական կտրվածքով։
Կարմիր Կաչի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 13-14-ին ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված անձանցից անցած անգամ տեսակցել են միայն նրանց հետ, որոնք վերադարձել են արդեն։
«Այնտեղ պահվող այլ անձանց հաստատում Ադրբեջանի կողմից չի եղել»,-ասաց Ամատունին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը