Նախորդ գիշեր ՀՀ մի շարք քաղաքացիներ ստացել են Apple-ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ, այս մասին հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Cyberhub.am-ում Արթուր Պապյանի հետ տեղյակ ենք մոտ տասը մարդու մասին, որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է «Pegasus» լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, այնպես որ՝ կարող է նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը»,- նշել է նա:
Փորձագետները չեն կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։
«Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն՝ ասածս այն է, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություննե՞րն են, Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ «Պեգասուսը» միայն պետական կառույցներին է վաճառվում»,- ընդգծել է Մարտիրոսյանը:
Եթե նման նամակ եք ստացել, փորձագետը կոչ է անում դիմել իրեն կամ Արթուր Պապյանին, կամ՝ Cyberhub.am֊ի էջին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը