04 11 2022

Ազատումներ և ԽԾԲ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում․ «Հետք»

Ազատումներ և ԽԾԲ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում․ «Հետք»

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի նշանակումից հետո աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել։ Այդ մասին «Հետքին» ահազանգել են աշխատակիցները։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Մանվելյանը «Հետքին» պատմեց, որ տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակումից հետո իրենց ողջ բաժնին, որը բաղկացած է բաժնի պետից և 4 գլխավոր մասնագետից, կանչել են պաշտոնակատարի սենյակ և հորդորել ինքնակամ ազատման դիմումներ գրել։ Պատճառաբանությունը աշխատանքում թերացումներն են։Լիաննա Մանվելյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունվել այս տարվա հունվարին։ Եթե երկարամյա աշխատակիցներին կարող էին նման մեղադրանքներ առաջադրել և այդ հիմքով ազատել աշխատանքից, ապա, իր խոսքով, ինքը նոր է սկսել աշխատել ՊՈԱԿ-ում և ներգրավված չի եղել ո'չ նախկինում ունեցած դատական, ո'չ էլ բաժնի այլ գործընթացներում, որոնցում իբրև թե թերություններ են հայտնաբերվել։ Հետևաբար, ըստ Լ․ Մանվելյանի, նման կերպ ստիպել աշխատանքից ազատվել՝ նշանակում է, որ ղեկավարությունը պարզապես ցանկանում է ազատվել աշխատակցից՝ յուրայիններին այդ հաստիքներում նշանակելու համար։

«Հենց տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, մեր նոր տնօրենը որոշեց, որ ՊՈԱԿ-ում պետք է սկսի կադրային ջարդ անել։ Սկսեց բոլոր աշխատակիցներին առանձին կանչել և ազատման դիմումներ գրել տալ, որովհետև չէր ուզում ազատումների տակ մտնել, որ հետո դատարանով մարդիկ չվերականգնվեին։ Մեկն էլ մենք էինք»,- ասել է Լիաննա Մարկոսյանը։

Իրավաբանական բաժնի աշխատակիցը հիշում է, որ ամեն ինչ սկսվեց 2021թ․-ի դեկտեմբերին, երբ փոխվեց Շրջակա միջավայրի նախարարը, նշանակվեց Հակոբ Սիմիդյանը։ Նա հունվարին Անտառային կոմիտեի նախագահ նշանակեց յուրային՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցող Վլադիմիր Կիրակոսյանին։ Այդ ժամանակվանից սկսվեցին Անտառային կոմիտե-«Հայանտառ» ՊՈԱԿ հակասությունները, որովհետև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Պավել Ցուգունյանը նախորդ նախարարի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակած անձն էր։ Վլադիմիր Կիրակոսյանը փետրվարին իր տեղակալ էր նշանակել Սևակ Մարկոսյանին, այնուհետև հունիսի 29-ին նշանակեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Սևակ Մարկոսյանն էլ սկսեց կադրային ջարդը։

«Անտառային կոմիտեի նախագահը կանչեց մեր բաժնի պետին և նյութական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով դիմում գրել տվեց։ Բայց այդ ամեն ինչը դեռ պետք է ապացուցվեր։ Բայց քանի որ մեր բաժնի պետը շատ մարդկային, բնույթով բարի և սրտի վիրահատություն տարած մարդ էր, դիմում գրեց և գնաց։ Մնացինք բաժնի չորս աշխատակիցներս։ 3-4 անգամ մեզ նորից կանչեցին և անընդհատ հորդորում էին դիմում գրել, մենք ասացինք՝ ոչ»,- պատմել է Լիաննա Մանվելյանը։

Այս պահի դրությամբ Իրավաբանական բաժնից աշխատանքից ազատվել է բաժնի պետ Կարեն Գյուլումյանը, գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը։ Կարեն Գյուլումյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն մեղադրել են բաժնի թերացումների համար, թեպետ ինքը Իրավաբանական բաժինը ղեկավարել է 2011-2014թթ․, այնուհետև այս տարվա հունվարի 3-ից նշանակվել է բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։«Պարզ է, որ թերություններ կլինեին, աշխատող մարդկանց մոտ են լինում թերություններ, բայց դրանք կարելի էր շտկել, ամբողջ բաժնում նախկինում 1-2 հոգի էր աշխատում, այդ ահռելի աշխատանքը քիչ թվով մարդիկ էին անում, և կարող էին նաև թերացումներ լինել։ Վերջերս են Իրավաբանական բաժնում հաստիքներն ավելացրել»,- պատմել է Կարեն Գյուլումյանը։

Կարեն Գյուլումյանը 18 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և նոր տնօրինության վերաբերմունքի հետ չի հաշտվել, գրել է ազատման դիմումը և հեռացել։ Նրան նույնիսկ թույլ չեն տվել օգտվել արձակուրդի իր իրավունքից։ Մեր հարցին, թե ինչու է ինքնակամ ազատման դիմում գրել, գուցե պետք է սպասեր՝ ազատեին, հետո բողոքարկեր ազատման հրամանը, Կ․ Գյուլումյան ասաց, որ «Հայանտառը» մի ընտանիքի նման էր, և ինքն էլ իրեն այդ ընտանիքի անդամ է համարել, նման գործընթացներ սկսելը նպատակահարմար չի գտել։

Ինչպես պատմեցին աշխատակիցները, հատուկ հաստիք է բացվել տնօրենի իրավախորհրդատուի համար, և այդ հաստիքում նշանակվել է Դավիթ Հովսեփյանը, որն էլ իրականացրել է իրավաբանական բաժնի աշխատանքների մոնիտորինգը։ Վերջինս իր համակուրսեցուն՝ Հարություն Սարիբեկյանին նախ համակարգչային ադմինիստրատորի պաշտոնին է նշանակել, այնուհետև՝ Կարեն Գյուլումյանի ազատումից հետո, միանգամից՝ Իրավաբանական բաժնի պետի պաշտոնում։

Նույն բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը ևս 5 անգամ դիմում գրելու առաջարկ է ստացել տնօրինությունից։ Սամվելը ՊՈԱԿ-ում վերջին երեք տարին է աշխատել՝ «Հայանտառի» 3 տնօրենների օրոք։

«Նոր իրավախորհրդատուն իբրև թե պետք է մեր թերությունների մասով եզրակացություն տար, ես էլ պահանջել էի իմ մասով ասել, թե ինչ թերություններ եմ ունեցել։ Բայց այդ եզրակացությունն առ այսօր չկա, թեւ պետք է տրված լիներ հուլիսին։ Սովորական տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մենք թերացել ենք ինչ-որ գործում, ինչու՞ կարգապահական պատասխանատվության ոչ մեկս չենք ենթարկվել, միանգամից ասում են՝ դիմում գրեք։ Ես ասել եմ՝ եթե ունեմ թերացումներ, կարող եք նյութական, նույնիսկ քրեական պատասխանատվության գործ սկսել իմ դեմ։ Ես կատարող-աշխատող եմ եղել, ինձնից վերև մի քանի գլուխ մարդ է եղել, իմ գրածից հետո առնվազն երկու վերադաս նայել է իմ արած աշխատանքը»,- մանրամասնել  է Սամվել Վարոսյանը։

Վարոսյանի խոսքով՝ աշխատանքային 3 տարվա գործունեության ընթացքում 20 հայցադիմում է պատրաստել և ներկայացրել դատարան, գրեթե բոլոր գործերով վերջնական դատական ակտերը հօգուտ «Հայանտառի» են եղել։ Իսկ այն գործերը, որոնք բացասական ելք են ունեցել, ի սկզբանե «Հայանտառի» ղեկավարությունն իմացել է, որ հնարավոր չէր հօգուտ «Հայանտառի» դատական ակտ ունենալ, սակայն որոշել է դատական ընթացակարգով անցնել, ինչն ամրագրել է ստորագրությամբ։

«Իսկ իրենք (նկատի ունի նոր ղեկավարությունը-հեղ․), օրինակ, վերջին 4 ամսվա մեջ ի՞նչ հայցադիմում են ներկայացրել դատարան։ «Հայանտառ»-ում խնդիրները վերացե՞լ են»,- հարցրել  է Սամվել Վարոսյանը։

Այդուհանդերձ, Վարոսյանն ազատման դիմում է գրել՝ համարելով, որ եթե ղեկավարությունը չի ուզում իր հետ աշխատել, ինքն էլ առանձնապես խանդավառված չի եղել նման ղեկավարության հետ աշխատելու հարցում։ Խնդրել է իրեն հասանելիք մեկշաբաթյա արձակուրդը տրամադրել, որի ընթացքում կփորձի նոր աշխատանք գտնել։ Սակայն նոր տնօրինությունը Սամվելին ոչ արձակուրդ, ոչ էլ ժամանակ է տվել նոր աշխատանք գտնելու համար։

Հուլիսի 29-ին Սամվել Վարոսյանն ազատման դիմում է գրել։ Միաժամանակ գործատուի հետ համաձայնագիր են ստորագրել փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի լուծման վերաբերյալ։ Սակայն ազատման հրամանի հիմքում դրվել է իր դիմումը, որը, ըստ Սամվելի, եղել է իր կողմից առաջարկ, որի հիման վրա կազմվել է պայմանագրի լուծման համաձայնագիրը։ Սամվելը սա ոչ իրավաչափ է համարում և դիմել է դատարան, քանի որ իր աշխատանքային հարաբերություններն, ըստ էության, չեն լուծվել իր դիմումի հիման վրա։ Նա պահանջում է անվավեր ճանաչել ազատման հրամանը, ուժը կորցրած ճանաչել նաև կողմերի միջև կնքված համաձայնագիրը, վերականգնել իրեն աշխատանքում, վճարել պարապուրդի ժամանակահատվածի համար, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցում բռնագանձել աշխատավարձի վեցապատիկի չափով։

«Ինձ համար էական նշանակություն ունի իմ այդ հրամանի իրավաչափությունը։ Ի՞նչ անեմ, գնամ շնորհակալություն հայտնե՞մ, որ իմ հրամանի մեջ չեն գրել, որ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով են ինձ ազատել աշխատանքից, ի՞նչ տարբերություն ասել է Սամվել Վարոսյանը։

Իր խոսքով՝ բոլոր երեք տնօրենների ժամանակ եղել և մինչ օրս էլ մնացել է անկուսակցական, մինչդեռ թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը կուսակցական է։ Հակված է կարծելու, որ կուսակցական չլինելու պատճառով է նոր ղեկավարությունն ուզում ազատվել իրենից եւ մյուս աշխատակիցներից։

Իրավաբանական բաժնի աշխատակից Լիաննա Մանվելյանը հրաժարվել է ինքնակամ դիմում գրելուց։ Նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ