News.am-ը գրում է. Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով չորս անչափահաս տղա է զոհվել. երեքը՝ դեպքի վայրում, մեկը՝ 3 օր անց Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Ավտովթարը տեղի է ունեցել գյուղի սկզբնամասում. 16-ամյա Էդուարդ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ընկույզի հաստաբուն ծառին, ապա մոտակա էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել։ Էդուարդին, մեքենայում գտնվող 17-ամյա Կարեն Պողոսյանին, 17-ամյա Միհրան Միրիջանյանին հրշեջները ավտոմեքենայից դուրս են բերել մոխրացած վիճակում։ 16-ամյա Ալբերտ Ներսիսյանին հաջողվել է ավտոմեքենայի վերնամասի պատուհանից դուրս գալ, սակայն հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։
NEWS.am-ին Օշականի համայնքապետարանի աշխատակիցը պատմեց, որ տղաները մոտ ընկերներ էին։ Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել ավտովթարը՝ գյուղում որեւէ մեկը տեղյակ չէ։
«Ողջ էր մնացել միայն Ալբերտը, որը կարող էր ինչ-որ բան պատմել, թե ոնց է եղել, սակայն, ցավոք, նա էլ մահացավ։ Մեքենան ահավոր վիճակում էր։ Թե կոնկրետ ինչից է սկսել հրդեհը, դեռեւս պարզ չէ։ Սատանայական բան է, չենք հասկանում, թե ինչպես կարող էր այդտեղ այդպիսի բան լինել»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։
Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ Միհրանի ծնողները 2019 թվականին նույնպես ավտովթարից մահացել էին։ Այն ժամանակ 14-ամյա Միհրանին ծանր վնասվածքներով Վրաստանից ուղղաթիռով Հայաստան էին տեղափոխել։ 17-ամյա Միհրանը քրոջ հետ էր ապրում, երկար բուժումից հետո ոտքի էր կանգնել։
«Արտակարգ երեխաներ էին, անձամբ էի ճանաչում, որովհետեւ թոռանս ընկերներն էին։ Գյուղում բոլորը շոկի մեջ են, այսպիսի աղետ Օշականում չէր եղել»,- նշեց գյուղի բնակիչներից մեկը։
Կարենը եւ Արթուրը նույն դասարանում էին սովորում, Էդուարդը զուգահեռ դասարանից էր, Ալբերտը սկսել էր սովորել Հաբուսակ համալսարանում։
Տղաների երկարամյա դասղեկը՝ Գոհար Բրյանը, մեծ ցավով է հիշում իր ժպտադեմ աշակերտներին. «Վերջին օրը, երբ արձակուրդ պետք է գնայինք, դասղեկի ժամ արեցինք, ուզում էի տղաների հետ զրուցել, դասարանն էլ կարգի բերեցինք։ Այդ օրն առավել ակտիվ էին Միհրանն ու Կարենը։ Իրենց ձեռքով բոլոր անկյունները շտկեցին, կարգի բերեցին, դասավորեցին, դրական նոտայի վրա ավարտելով՝ իրենց ուղարկեցի արձակուրդ։ Միհրանը մնաց իմ հիշողության մեջ ժպիտով։ Նրանք շատ ամոթխած էին, հենց գովում էի, կարմրում էին անմիջապես։
Նշենք, որ դեպքի առնչությամբ Արագածոտնի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը