27 10 2022

Արցախից և Սյունիքից հետո Աննա Հակոբյանը հիմա էլ հասել է Տավուշի մարզ

Արցախից և Սյունիքից հետո Աննա Հակոբյանը հիմա էլ հասել է Տավուշի մարզ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Տիկին Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը:

Անուշ Ալեքսանյանը տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ գործելուց միշտ զրուցում է հերոսների հետ և հավելել, որ թելերի գույնը բնական տարբերակով է ստանում` բուսաներկով:

Անուշ Ալեքսանյանը գորգագործությամբ է զբաղվում 18 տարեկանից, զուգահեռ, երկար տարիներ դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկան է դասավանդել: Հիմա արդեն 75-ն է բոլորել,և մտածում է գործը ժառանգելու մասին:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գորգագործը իր ծրագիրն է ներկայացրել` փոքրիկ տարածք ունենալ և աշակերտների հետ աշխատել։ Այդ հարցում փորձում է օգնել նաև համայնքը:

Վարչապետի տիկնոջ խոսքով, այս պարագայում խմբակը անհրաժեշտություն է, ինչի արդյունքում համայնքը կշահի և կզարգանա:

Տավուշի մարզում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքի բնական հյութերի արտադրամասում էր, որի հիմնադիրը  տեղացի Գիշյանների ընտանիքն է։  Արտադրամասը հիմնվել է 2019 թվականաին։

Արտադրամասի տնօրեն Սուսաննա Գիշյանը Աննա Հակոբյանին է  ներկայացրել օգտագործվող տեխնոլոգիաները, պատմել թե ինչպես են ստանում հյութերը: Մթերումն իրականացվում է Նոյեմբերյանի շրջակա գյուղերից։

Տիկին Աննա Հակոբյանը շատ գովելի է համարել այն հանգամանքը, որ արտադրամասը իր հյութերն առաջնային կարգով մոտ մեկ տասնյակ զորամասերի է մատակարարում:

Արտադրամասում այս պահին  6 մասնագետ է աշխատում: Նախատեսվում է ապագայում արտադրամասը ընդլայնել և աշխատատեղեր ավելացնել:

Հյութերի արտադրամասից հետո վարչապետի տիկինն այցելել է «Վիտրում» ձեռագործության արտադրամաս, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել են արտադրամասի համահիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը:

Բիզնես ստեղծելու գաղափարը առաջացել է 2016-ին, կյանքի կոչվել 2019-ին: Ըստ կանանց՝ բիզնես հիմնելու դրդապատճառներից մեկը քաղաքում ու մարզում կարծրատիպ կոտրելն էր,  առ այն թե քիչ ներդումով բիզնես անհանար է հիմնել:  Պատրաստում ու վաճառում են կրծքազարդեր, տան դեկորներներ, ժամացույցներ, լուսամփոփեր (լամպեր): Արտադրամասում նաև եռաչափ մոդելավորման դասեր են անցկացնում:

Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են գործընկեները սպառում արտադրանքը: Նունեի և Սիրանուշի խոսքով, այս պահին հիմնական սպառումը սոցհարթակներով է իրականացվում, ներկայացված են նաև երևանյան մի շարք խանութներում։ Բիզնեսն ընդլայնելու համար դիմել են պետական աջակցության ծրագրերի:

Գունավոր լուսամփոփերն ու կրծքազարդերը դրական տրամադրություն են փոխանցում, անկեղծացել է վարչապետի տիկինը և երիտասարդներին աշխատանքում հաջողություններ մաղթել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ