Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը հրապարակել է Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի դիմումը, որում ասվում է․
«2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ:
2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։ Համապատասխանաբար, Դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, ով գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»: Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել Դատարանի Որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։ Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու Որոշումների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը