10 10 2022

Փաշինյանը Հայաստանը վերադարձնում է Թուրքիայի ազդեցության տակ. այսպես են մեկնաբանում Պրահայի հավաքը ադրբեջանցիները

Փաշինյանը Հայաստանը վերադարձնում է Թուրքիայի ազդեցության տակ. այսպես են մեկնաբանում Պրահայի հավաքը ադրբեջանցիները

Zham.am-ը գրում է.

Պրահայում տեղի ունեցած հանդիպումները, ընդունված որոշումներն ու Հայաստանի կողմից Ադրբեջանի հինգ սկզբունքների տակ ստորագրման փաստը, ադրբեջանցիները գնահատել են, որպես Նիկոլ Փաշինյանի լիակատար կապիտուլյացիա Ադրբեջանի առաջ:

Ավելին, ադրբեջանցի վերլուծաբանները ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ հենց Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկրի հաջորդ քայլը լինելու է, ըստ ադրբեջանցիների, «դեռ» հայկական Զանգեզուրի գրավումը: Բաքվում համոզված են, որ քանի դեռ Հայաստանում Փաշինյանին չեն հեռացրել իշխանությունից, պետք է շտապել: Քանի դեռ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է, Մոսկվայում և Թեհրանում կասկածամտությամբ են վերաբերվում Հայաստանի պահվածքին: Իսկ Փաշինյանի ակնհայտ «արևմտամետ» քայլերը կասկած են առաջացնում Մոսկվայում և Թեհրանում, որ մտածում են, թե արդյո՞ք արժե աջակցել Հայաստանին, ով ցանկանում է Հայաստանը մտցնել  իրենց հակառակորդների ազդեցության տակ: Այս պայմաններում, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, Բաքուն պետք է շտապի: Եթե Ադրբեջանը գրավի Զանգեզուրը, դժվար թե Փաշինյանը ռիսկ անի օգնության հրավիրել Իրանին, քանզի դրասնով, նա կվտանգի իր իմիջն Արևմուտքում:

Իսկ երբ փաստը կատարվի, արդեն միջազգային հանրությունը, թեև արտաքուստ «կդատապարտի»Ադրբեջանին, սակայն կարճ ժամանակ անց, ըմբռնումով կվերաբերվի Բաքվի քայլերին, մանավանդ որ հենց Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը կսկսի նոր էներգետիկ ճանապարհներ կառուցել դեպի Արևմուտք: Չէ որ, նշում են ադրբեջանցիները, նույն միջազգային հանրությունը լռում էր, երբ հայերը գրավել էին Արցախից դուրս հինգ ադրբեջանական շրջանները:

Դրանից հետո, ըստ ադրբեջանցի փորձագետների, առանց Զանգեզուրի Հայաստանը այլևս ոչ մեկին պետք չի լինի, և բոլորը կհասկանան, որ երևանյան մարզ դարձած Հայաստանը հետաքրքիր կլինի բացառապես Թուրքիային: Իսկ երբ այդ փաստն էլ հաստատվի, ապա Երևանից հայերի հեռացման հարցը կդառնա ընդամենը տեխնիկայի խնդիր: Արդյունքում այս տարածաշրջանից հայերի գաղթը կդառնա վերջանական և Ադրբեջանը կհասնի իր բաղձալի այն նպատակներին, որի մասին այսօր խոսում են Ադրբեջանի հանրության բոլոր շրջանակները:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ