30 09 2022

34-ամյա տղամարդը նկարչի արվեստանոցից գողացել է 350 կտավ․ ոստիկանություն



Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ:

Ոստիկանությունից   հայտնում են, որ հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր:

Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ:

Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվեցին վարկածներ: Մանրակրկիտ ուսումնասիրվեց նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվեց:

Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և հետևողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզեցին կատարողի ինքնությունը:

Ահազանգից վեց օր անց, սեպտեմերի 27-ի առավոտյան Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք:

Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ