Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ, ընդունել են ՊՆ-ում:
Հանդիպումից հետո անհետ կորած զինծառայող Սամվել Աթանյանի հայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ասել են՝ սպասեք, որոնողական աշխատանքներ են իրականացվում, երբ նորություն լինի, իրենց կտեղեկացնեն:
«Սամվելը ծառայում է Ներքին Հանդում: Երկու ամսվա ծառայող էր: Առանց որեւէ պատասխանատուի ուղարկել են մարտական դիրքեր: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը երեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու:
Ասում են՝ կան զոհվածներ, անհետ կորածներ, անտառի մեջ երեխեք լցված, բայց հստակ չգիտենք: Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա: Դիվիզիոնի հրամանատարը ողջ է, բայց չենք տեսել, երբ գնում ենք, ասում են՝ գնացել է դիրքեր: Դիրքեր ենք գնում, ասում են՝ իջել է զորամաս:
Որոնումներ անում են անտառապահները, որոնք անտառին ծանոթ են, զինվորականներ չեն մասնակցում, հետախուզություն չկա: Մեզ ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող անտառ մտնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը